Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
dw.com–ը «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր Սահմանադրություն» վերնագրով հոդվածում գրում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը էապես սրվել է։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, կարծես, իշխող կուսակցության նախընտրական ծրագրի կենտրոնական տարրն է։ Փորձագետները կարծում են, որ հիմնական նպատակն է Հիմնական օրենքի նախաբանից հանել Հայաստանի՝ 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը։ Պաշտոնական Բաքուն պարբերաբար պահանջել է դա, որը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ, սահմանադրական բարեփոխումները անվանելով բացառապես ինքնիշխան պետության ներքին գործ՝ Փաշինյանը գործնականում նախագծում ներառել է հենց այն փոփոխությունը, որը պնդում է Բաքուն: Հիմնական օրենքի նոր նախաբանի արտահոսած նախագծում Անկախության հռչակագրին հղումը բացակայում է: Իշխանությունները մեկնաբանել են այդ հրապարակումը՝ ընդգծելով, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեքստը «հրապարակման համար նախատեսված վերջնական փաստաթուղթը չէ»:
Սահմանադրական փոփոխությունների թեման նորություն չէ Հայաստանի համար. այն գործնականում բարձրացվել է Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալու առաջին օրերից։ Այն ժամանակ այդ հարցը պարբերաբար մարում և վերստին ի հայտ էր գալիս՝ հիմնականում կառավարման ձևին վերաբերող գաղափարի հարցով։ Սակայն 2020 թվականին 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո այդ գործընթացը ստացավ բոլորովին այլ ուրվագիծ և համատեքստ։
«Փաշինյանը որևէ հատուկ հետաքրքրություն չունի Սահմանադրության նկատմամբ նախորդ քննարկումների և բանավեճերի համատեքստում։ 44-օրյա պատերազմից հետո, որում Հայաստանը պարտվեց, սահմանադրական փոփոխությունների թեման լրացուցիչ նշանակություն է ձեռք բերել՝ կապված Ադրբեջանի հետ անվտանգության և խաղաղության հասնելու հետ, և ես կարծում եմ, որ դա է ներկայիս սահմանադրական բարեփոխումների հետագա առաջխաղացման հիմնական խթանը», - dw.com-ին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Նիկոլ Փաշինյանը կտրուկ է նկարագրել ստեղծված իրավիճակը՝ պնդելով, որ ներկայիս կուրսի պահպանումը անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի հետ նոր պատերազմի: Ընդդիմադիր ուժերին «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս կուրսի վերանայողներ» բնութագրելով՝ նա հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները մտադիր են կա՛մ վերանայել խաղաղության պայմանները, կա՛մ «դրանք պարտադրել ուժով»: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, համոզված է նա, նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն մեկ բանի՝ նոր պատերազմի: «Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է, - հայտարարել է վարչապետը: – Ես՝ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ, այսպես կոչված, «պատմական արդարության վերականգնման օրակարգից», որովհետև կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից: Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների»։
«Պատմական արդարության վերականգնման» մասին դրույթը ամրագրված է Հայաստանի 1990 թվականի օգոստոսի անկախության հռչակագրում, այն պատմական փաստաթղթում, որը նշանավորել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ հայկական ինքնիշխան պետականության վերականգնման գործընթացի սկիզբը։ Փաշինյանը, սակայն, պնդում է, որ Անկախության հռչակագիրն իր ներկայիս տեսքով «հակամարտության և կախվածության հռչակագիր» է, քանի որ դրանում ներկառուցված «հարևանների հետ բախման տրամաբանությունը» անխուսափելիորեն ստիպում է Հայաստանին փնտրել արտաքին հովանավորներ՝ «անհնար դարձնելով պետության երկարատև գոյությունը առանց արտաքին օգնության»։
Կառավարության հակառակորդները կտրականապես համաձայն չեն հարցի այս ձևակերպման հետ և վարչապետի հռետորաբանությունը համարում են «շանտաժ պատերազմով»։ Ընդդիմադիր ուժերը նաև շեշտում են հարցի բարոյական կողմը։ Նրանց կարծիքով, այն քաղաքական ուժը, որի իշխանության օրոք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ապրել են երկու պատերազմ և սահմանային հարձակումների շարք, կորցրել է խաղաղության երաշխավոր հանդես գալու բարոյական իրավունքը։
Լեռնային Ղարաբաղի հիշատակման և Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը կառավարության քննադատների կողմից ընկալվում է որպես կապիտուլ յացիա, ազգային շահերի դավաճանություն և Ադրբեջանի վերջնագրերի կատարում, որոնք չեն վերջանա և ապագայում կպահանջեն հետագա զիջումներ:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը բոյկոտել է այդ հանձնաժողովի նիստերը, նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը համարում է Բաքվի պահանջների կատարում: «ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի համաձայն, մեր Սահմանադրության տեքստը որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, պետք է փակեր հարցը: Բայց քանի որ Ալիևը չի փակել հարցը և շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխություններ... մեր իշխանությունները, ըստ էության, կատարում են Ալիևի հրամանները», - ասել է նա dw.com–ին՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում նոր Սահմանադրության հնարավոր հանրաքվեի ցանկացած արդյունք լուրջ խնդիր կառաջացնի Հայաստանի համար: Ընդ որում, Հայաստանի քաղաքացիները ներկայում քիչ պատկերացում ունեն, թե իշխանությունները կոնկրետ ի՞նչ են պլանավորում փոխել Սահմանադրության մեջ, բացի Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը հեռացնելուց։ Նաև հայտարարված փոփոխությունը, ըստ Բորիս Նավասարդյանի, հասարակության կողմից ընկալվում է հիմնականում բացասաբար իր քաղաքական համատեքստի պատճառով։ «Որովհետև նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ նման փոփոխությունները սկզբունքորեն ընդունելի են և, հնարավոր է, նույնիսկ նպատակահարմար, տեսնում են, որ դրանք տեղի են ունենում արտաքին ճնշման տակ։ Դա, իհարկե, չի կարող գոհացնել ժողովրդին», - նշել է վերլուծաբանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում