ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթը շատ աշխույժ էր, կյանքով լեցուն, ընկերասեր, մեծերին ու փոքրերին օգնող և հարգող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիտան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին մայրիկը նշում է՝ շատ ակտիվ աշակերտ է եղել։ «Բոլոր միջոցառումներին մասնակցել է, եղել է կազմակերպչի դերում։ Զուգահեռ նվագել ու երգել է։ Պատերազմից հետո իր հարազատ դպրոցի միջոցառումների դահլիճը կոչեցին Դավիթի անունով։ Դա մեկնաբանեցին այսպես. քանի որ մշտապես այնտեղ միջոցառումներ էինք կազմակերպում, Դավիթն էլ զարդարում էր դրանք իր նվագով ու երգով, դրա համար էլ դահլիճն ենք անվանակոչել իր անունով։ Կարծում էի, որ պատմության դասասենյակը կկոչեն տղայիս անունով, քանի որ նա անսահման սիրում էր «Պատմություն» առարկան և գիտեր պատմության յուրաքանչյուր դրվագը»։

Դավիթը դպրոցում լավ է սովորել։ Սիրելի առարկաների ցանկում են եղել պատմությունը, մաթեմատիկան, ռուսաց լեզուն և անգլերենը։ «Ավագ դպրոցում ընտրեց իրավագիտական հոսքը։ Ընդունվեց Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել Պոլիտեխնիկական համալսարանում՝ ծրագրավորում մասնագիտացմամբ»։

2018 թվականի հունվարին է Դավիթը մեկնել ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ Եղել է ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Զորացրվել է պատվոգրերով և սերժանտի կոչումով։ «Ծառայությունն իր աչքերով հեշտ չէր, բայց ասում էր՝ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է իր պարտքը կատարել, առավել ևս, որ ունենք հայրենիքի պաշտպանության խնդիր»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Դավիթի կյանքի ընթացքը։ «Այդ օրն աշխատանքի էի գնում, պատերազմի լուրը կարդացի։ Դավիթս ժամը տասնմեկի կողմերը զանգահարեց ինձ ասելու, որ գնում է զինկոմիսարիատ կամավորագրվելու։ Միանգամից արձագանքեցի՝ Դավի՛թ։ Անգամ ձայնիս մեջ մի պահ կանգ առնելու հորդոր կար։ Նա նոր էր վերադարձել ծառայությունից, հորդորս էր, որ մի քիչ սպասի։ «Մամա՛, Դավիթ չասես, դու ես ինձ այդպիսին դաստիարակել։ Եթե պատերազմն իմ ծառայության ժամանակ չէր, չի նշանակում, որ հիմա տղաներին պետք է մենակ թողնենք»։ Զանգահարեցի ավագ որդուս, նա աշխատանքի էր, փորձում էի իր միջոցով Դավիթին հետ պահել։ Դեռ պատերազմը նոր էր սկսվել, ուզում էի հասկանայինք, թե ինչ է կատարվում։ Ռաֆայելս ասաց. «Մա՛մ, դու ուզում ես, որ ես հետ պահե՞մ Դավիթին, բայց ես հիմա աշխատավայրից դուրս եմ եկել, Դավիթի հետ գնում եմ զինկոմիսարիատ»։ Առաջին օրը երկուսով գնացին զինկոմիսարիատ։ Դավիթին երկու օր հետո մարտադաշտ տարան, տղայիս հետ էր նաև մորաքրոջս թոռը՝ Արմենը։ Նրանք միասին են մեծացել։ Դավիթը սեպտեմբերի 29-ին վիճում է զինկոմիսարիատում, թե ինչու եք ամեն օր ձգձգում իմ մեկնելը։ Ինձ ասաց. «Մա՛մ, առավոտյան իրար հրաժեշտ կտանք, որովհետև անպայման գնալու եմ»։ Մշտապես իրեն ասել եմ՝ դեմ չեմ, որ գնաս տղաներին օգնելու, բայց սպասիր, մինչև քեզ կկանչեն։ «Ես պահեստային ֆուտբոլիստ չեմ, որ նստեմ, տեսնեմ, թե երբ են ինձ խաղի մեջ մտցնելու»։ Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմադաշտ։ Ավագ որդուս չէին տարել իրենց հետ, որովհետև երկու եղբոր մեկ ընտանիքից չէին տանում այդ ժամանակ։ Դավիթն ու Արմենը միասին մեկնեցին»։

Տղաներին տարել են Ներքին Հոռաթաղ։ «Մեկ օր մնացել են զորամասում։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 1-ին։ Այդ գիշեր իրենք մարտական հրահանգով ուղևորվել են Մատաղիս։ Այնտեղ էլ դեպքը եղել է»։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։ «Մենք Դավիթին չենք փնտրել։ Ինչպես առաջինը գնաց, այդպես էլ առաջինը տուն «վերադարձավ»։ Հոկտեմբերի 3-ի երեկոյան նա արդեն Երևանում էր։ Ինձ առաջին օրերին ասում էին՝ լավ է, որ գոնե գիտես, թե Դավիթը որտեղ է։ Ես դրա իմաստն այդ ժամանակ չէի հասկանում, բայց հետո այնպիսի պատմություններ լսեցի...»։

Դավիթը Եռաբլուրում է՝ իր մարտական ընկերների կողքին։ «Ապրիլ յան պատերազմից հետո նա կազմակերպում և կուրսեցիների հետ միասին գնում է Եռաբլուր։ Իր ընկերներից մեկն է մեզ պատմել այդ օրվա մասին։ Բոլոր տղաներին հերթով մոտենում են։ Հասնում են Ռոբերտ Աբաջյանին։ Ընկերը պատմում է՝ բոլորս այնքան լուռ էինք, որովհետև չգիտեինք՝ ինչ ասել։ Դավիթն է խախտում լռությունը. «Տղե՛րք, պատկերացնո՞ւմ եք, այս տղու ապրած 20 տարվա կյանքը որքան մեծ իմաստ ունի։ Մարդիկ կան, որոնք երկար են ապրում, բայց, կարծես, զուր, երիտասարդներ են մահանում վթարներից, իրենց կյանքից ոչինչ չեն հասկանում։ Իսկ այս տղան որքան բան է արել մեզ համար»։ Նա չգիտեր էլ, որ պետք է դառնա պատմության մի մասնիկը»։

Դավիթը համալսարանական կրթությանը զուգահեռ սովորում էր ծրագրավորման լեզուներ, անգլերեն և չինարեն։ «Նա նպատակ ուներ բիզնեսով զբաղվել, որը կապված էր լինելու Չինաստանի հետ, ուստի պետք է նաև չինարենին տիրապետեր»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ ապրելու ուժն ավագ որդիս է։ Եվ, իհարկե, պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթին»։

Հ. Գ. - Դավիթ Ջալավյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular