Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ, ինչը հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում և ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով:
Արդյունքում, Մ.Պ.-ն ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել ՀՀ զինված ուժեր:
Բացի այդ, զորակոչիկի մայրը, բժշկական կենտրոնի բժիշկը և քաղաքացի Հ.Մ.-ն խոչընդոտներ վերացնելով և տեղեկություններ տրամադրելով օժանդակել են Մ.Պ.-ին՝ զորակոչից խաբեության ճանապարհով խուսափելու փորձ կատարելուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում վերջիններիս դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցվել:
Ա.Ի.-ի, Ա.Ն.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։