Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:
Մասնավորապես՝ չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը:
Այնուհետև, հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ հիվանդության արդեն տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:
Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: