Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում։
Նշվում է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովելու, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայում աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքի 82 բնակավայր։
Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից, և օրենքի գործողության ժամկետը երեք անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի, ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում