Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի հարձակմանը ենթարկված իրանական IRIS Dena ֆրեգատի 84 զոհված նավաստիների մարմինները հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական Press Trust of India լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությանը։
Հաղորդվում է, որ բոլոր 84 զոհվածների մարմինները Իրանի դեսպանատանն են փոխանցվել մարտի 13-ին և հայրենիք են տեղափոխվել թուրքական ավիաընկերության չարթերային չվերթով, որն իրականացվել է Շրի Լանկայի Մատալա միջազգային օդանավակայանից։ Ընդ որում, ինքնաթիռի ժամանման վայրը չի հրապարակվում։
Զոհված նավաստիների մարմինները Կոլոմբոյում Իրանի դեսպանատանն են հանձնվել Շրի Լանկայի հարավային Գալե նահանգի դատարանի որոշմամբ։
130 հոգուց բաղկացած իրանական IRIS Dena ֆրեգատը խորտակվել էր մարտի 4-ին՝ Շրի Լանկայի ափերի մոտ ԱՄՆ սուզանավի հարձակման հետևանքով։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերին հաջողվել էր փրկել և հիվանդանոց տեղափոխել անձնակազմի 32 անդամի, որոնք բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են։ Ջրից դուրս է բերվել 84 դի: Անձնակազմի մնացած անդամները համարվում են անհետ կորած։