ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին ճանապարհները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղ «տարան»։ Մեր այս պատմությունը երկու եղբայրների՝ Գևորգի ու Կորյունի մասին է։ Ավագը Գևորգն է։ Նա սովորել է Արևշատի հիմնական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնում։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին: Գևորգը սերժանտ էր։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2017 թվականին, որպես դիպուկահար, պայմանագրային զինծառայության է անցել Մեխակավանի զորամասում։ Նույն թվականին, որպես ականանետորդ, պայմանագրային ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Գևորգս երկու բալիկ ունի։ Պատերազմը սկսվելուց առաջ պետք է Գևորգիս որդու ծննդյան օրը նշեինք։ Բայց վաղը չեկավ, եկավ պատերազմը։ Պատերազմի ավարտից հետո հունվարի 1-ին ծնվեց իր աղջիկը։ Երբեմն թվում է, որ իր աղջիկը հայրիկին տեսել է, շփվել նրա հետ։ Բոլորս պատմում ենք իրեն հայրիկի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մագդան՝ Գևորգի և Կորյունի մայրիկը։

Գևորգը եղել է պատերազմի թեժ կետերում։ «Խնդրել էի իրեն ամեն առավոտ ինձ զանգահարել, որ ես իմանայի՝ ողջ է։ Իրեն ասում էի՝ Կորյունի հետ խոսել չեմ կարողանում, գոնե դու ինձ օրը մեկ անգամ զանգիր, որ իմանամ՝ լավ ես»։

Գևորգն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում՝ դիպուկահարի կրակոցից։ «Ընկերն է պատմել՝ մինչև նա ականանետը կուղղեր նշանակետին, դիպուկահարը թիրախավորեց նրան։ Գևորգն առաջ էր նետվել դիրքը պաշտպանելու, բայց... Գևորգի զոհվելը թե՛ ես, թե՛ ամուսինս զգացել ենք։ Ամեն առավոտ եկեղեցի էի գնում։ Այդ օրը մեր հարևանուհու հետ էի։ Եկեղեցուց վերադառնալու ճանապարհին միանգամից ծնկեցի ու գոռացի՝ կպա՜վ։ Հետս անհասկանալի ինչ-որ բան կատարվեց։ Նույն կերպ էլ ամուսինս էր զգացել, որ մեր որդուն փամփուշտ է դիպել»։ Տիկին Մագդան նշում է՝ Գևորգը բազմաթիվ նպատակներ ուներ։ «Մտադիր էր նռան այգի հիմնել, բարձրագույն ուսումը շարունակել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին»։ Գևորգի «վերադարձը» տուն երկար չի տևել՝ ի տարբերություն եղբոր՝ Կորյունի։

Կորյունը ևս սովորել է Արևշատի հիմնական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ԱՀ Զինված ուժեր։ Եղել է սերժանտ: «Կորյունս ծառայում էր Հադրութում։ Հիմնականում դիրքերում էր լինում։ Նրան միշտ ասում էի՝ մնա զորամասում, անընդհատ դիրքեր ես բարձրանում։ Տղաս արձագանքում էր. «Մամա՛, տղան տղա չի, եթե դիրքերում չի ծառայում»»։

Սեպտեմբերի 27-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Կորյունի հետ։ «Գյուղից դուրս էինք եկել, ճանապարհին էինք։ Այդ օրն եմ վերջին անգամ Կորյունիս ձայնը լսել։ Ոգևորված էր շատ. «Մա՛մ ջան, մի դիրք արդեն առաջ ենք անցել: Քո տղան հաղթած տուն կգա, չլացես ու չնեղվես, Կորյունդ ու Գևորգդ տուն են գալու»։ Ես իրեն այդ օրն ասել եմ՝ չփախչեք, դրոշը ձեր ձեռքում, հաղթանակած տուն կգաք։ Բայց, ավաղ, իրենք տուն եկան ոչ թե դրոշը ձեռքներին, այլ դրոշներով ծածկված...»։

Կորյունին ընտանիքը գտել է զոհվելուց վեց ամիս անց։ «Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում։ Սոցիալական ցանցերում իր նկարն էի հրապարակել, որ գուցե ինչ-որ մեկն այդ կերպ ճանաչի և տեղեկություններ փոխանցի։ Մի տղա ինձ գրել էր. «Կորյունն իմ եղբայրն էր, չկարողացա իրեն պահել, ցավակցում եմ, կներեք ինձ»։ Կարդացի նամակը, ոտաբոբիկ հասել եմ ամուսնուս եղբոր տուն։ Հարազատներս սկսեցին հարցուփորձ անել, պարզեցին, որ նամակագիրը Կորյունիս հետ ծառայող տղա է եղել։ Այդ օրը հրամանատարն ասել է՝ հետ ենք գնում, տղանե՛ր։ Կորյունը հակադարձել է՝ վիրավոր տղաների հետևից պետք է գնանք։ Վստահ եմ, որ Կորյունն այլ կերպ վարվել չէր կարող։ Կորյունը և մեկ ուրիշ տղա գնում են իրենց ընկերների հետևից, հետո ուժեղ ձայն է լսվում։ Հրամանատարն այդ ժամանակ ասել է՝ տղաներն էլ չկան»։ Կորյունն անմահացել է հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ «Կորյունս սիրում էր գյուղական կյանքը։ Մտադրվել էր՝ բանակից հետո մեծ մեքենա է գնելու, հայրիկի հետ արտերը հնձեն, մի քանի տարի ակտիվ աշխատեն, հետո Գորիսում տուն գնեն»։

Գևորգին և Կորյունին բնորոշ գիծը հայրենասիրությունն էր։ «Երկուսն էլ շատ կապված էին մեր հող ու ջրին, շատ հայրենասեր էին։ Հրաշալի ձայնային տվյալներ ունեին, լավ երգում էին։ Գյուղում, դպրոցում ցանկացած միջոցառման մասնակցում էին, ելույթ ունենում»։

Գևորգն ու Կորյունը քույր և եղբայր ունեն։ Ցավոք, եղբայրը հաշմանդամություն ունի։

Երբ տիկին Մագդային հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Շատ տղաների մարմիններն անգամ, ավաղ, չհասան նրանց ծնողներին։ Ծնողները հիմա մի սառած քար էլ չունեն, որ մխիթարվեն։ Ինձ այդ ծնողներն ուժ տվեցին, որ այդ մեծ ցավը սրտում շարունակում են ապրել, հետո, իհարկե, իմ տղաներն ու ընտանիքը։ Իմ տղաները չկան, բայց նրանց շիրմաքարերը կան։ Ամեն շաբաթ պարտադիր այցելում եմ նրանց, ծաղիկ տանում, իրենցով եմ ապրում, իսկ շատ ծնողներ անգամ դրանից են զրկված։ Ուժ են տալիս այն ծնողները, որոնք սփոփանք չունեն»։

Հ. Գ. - Սերժանտ Գևորգ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերժանտ Կորյուն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Եղբայրները հուղարկավորված են Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular