Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ, ՔՊ վարչության որոշմամբ, նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանի դեմ, ըստ լուրերի, բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։ Նա մինչ պատգամավոր դառնալը Դավիթաշենի թաղապետն էր:
Պատմում են, որ նա իր դիմումում նշել է, թե անձամբ է լսել, թե ինչպես է Դանիելյանը ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին հեռախոսով խնդրել, որ ընտրի իրեն: Ընտրությունների արդյունքներից հետո, ըստ ամենայնի, տեսնելով, որ այդ մեթոդն աշխատել է, իսկ ինքը՝ Թումասյանը, դուրս է մնացել անգամ ցուցակի 100-յակից, դիմում-բողոք է ներկայացրել ՔՊ ղեկավարությանը։
Երեկ մեզ չհաջողվեց ո՛չ Դանիելյանի, ո՛չ Թումասյանի հետ զրուցել: Տեղեկացանք, որ Դանիելյանը կուսակցությանը խնդրել է ամբողջովին չչեզոքացնել իրեն` թույլ տալ, որ համապետական ընտրություններում գոնե Սյունիքում ՔՊ-ի վստահված անձը լինի։ Եվ, ասում են, չեն մերժել, բայց դեռ հավանություն էլ չեն տվել՝ ակնարկելով, որ վստահությունը կորցրել է: Փաշինյանն անգամ հիշեցրել է, որ Դանիելյանը ժամանակին չընտրված համայնքապետ է: Վերջինս չի հանձնվում, ասում են՝ մարզային լրատվամիջոցները վերջին օրերին նրա գովքն են անում։