Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելը գաղտնի կերպով ուսումնասիրում է Սոմալիլենդի տարածքում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը։ 2025 թվականի վերջին Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տեղեկությունների՝ Իսրայելն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները. անցյալ տարվա հունիսին իսրայելցի պաշտոնյաների փոքր պատվիրակություն է այցելել Սոմալիլենդ։ Այցի ընթացքում նրանք փորձել են որոշել Կարմիր ծովի մուտքի մոտ կառուցվելիք ապագա բազայի հնարավոր վայրը։ Հրեական պետությունը շահագրգռված է բազայի կառուցմամբ, քանի որ նախատեսում է դրա տարածքից հարվածներ հասցնել եմենյան «Անսար Ալլահ» հուսիական շարժմանը, նշում է գործակալությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հայտարարել է Իսրայելի կողմից Սոմալիլենդի Հանրապետության պետականության ճանաչման մասին։ Միջազգային հանրության մնացած մասի կողմից Սոմալիլենդը ճանաչվում է որպես Սոմալիի մաս, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության իշխանությունները 1991 թվականին միակողմանիորեն պետական ինքնիշխանություն են հռչակել։
Սոմալիի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի գործողությունները երկրի «ինքնիշխանության մեծագույն խախտում» են և սպառնում են ապակայունացնել Աֆրիկյան եղջյուրի ողջ տարածաշրջանը։ Իսրայելի քայլը դատապարտել են բազմաթիվ երկրներ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։