ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճի միտումը կրկին ուժեղանում է. 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 2,5 տոկոս։ Թեև թվային առումով այս ցուցանիշը կարող է առաջին հայացքից չափավոր թվալ, սակայն դրա խորքային բաղադրիչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գնաճը հիմնականում պայմանավորված է այն ոլորտներով, որոնք ամենաուղղակի ազդեցությունն ունեն հասարակության կենսամակարդակի վրա։

Հայաստանի սպառողական շուկայում գնաճի ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի զգալի թանկացմամբ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի գներն աճել են շուրջ 6,9 տոկոսով, ինչը էապես բարձր ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ աճը կազմել էր մոտ 4,6 տոկոս։ Սննդամթերքի գների բարձրացումը սոցիալական տեսանկյունից ամենազգայուն երևույթներից մեկն է, որովհետև հենց այդ ոլորտում է կենտրոնացած միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ծախսերի հիմնական մասը։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների բյուջեում սննդամթերքի բաժինը շատ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում, որտեղ եկամուտների մակարդակը բարձր է, իսկ ծախսերի կառուցվածքը՝ ավելի բազմազան։ Սա նշանակում է, որ սննդամթերքի նույնիսկ համեմատաբար փոքր գնաճը կարող է իրականում զգալի ազդեցություն ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա։

Գնաճի երկրորդ կարևոր բաղադրիչը ծառայությունների ոլորտում սակագների բարձրացումն է, որը 2026 թվականի փետրվարի տվյալներով կազմել է մոտ 3,2 տոկոս։ Տրանսպորտի, կապի, առողջապահության, կրթության և այլ ծառայությունների սակագների աճը աստիճանաբար մեծացնում է տնային տնտեսությունների ծախսերը։ Եթե սննդամթերքի թանկացումը անմիջապես զգացվում է մարդկանց առօրյա գնումներում, ապա ծառայությունների թանկացումը հաճախ արտահայտվում է ամսական կամ տարեկան ծախսերի աճով, ինչը նույնպես նվազեցնում է մարդկանց իրական գնողունակությունը։

Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գների աճը համեմատաբար զուսպ է եղել՝ կազմելով ընդամենը 0,9 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ գնաճի հիմնական ճնշումը կենտրոնացած է ոչ թե սպառողական բոլոր ապրանքների վրա, այլ հատկապես այն ոլորտներում, որոնք առավել կարևոր են մարդկանց առօրյա կյանքի համար։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մեկ տարի առաջ ոչ պարենային ապրանքների գները նույնիսկ որոշ չափով նվազել էին՝ մոտ 0,3 տոկոսով։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացները Հայաստանում ունեն բավականին անհավասար կառուցվածք, որտեղ որոշ ոլորտներում գները աճում են զգալիորեն արագ, իսկ մյուսներում պահպանվում է համեմատաբար կայուն իրավիճակ։

Գնաճի պատճառները բազմաշերտ են և պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տնտեսական գործոններով։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին շուկաներից՝ հատկապես սննդամթերքի և էներգակիրների ներմուծման առումով։ Երբ միջազգային շուկաներում տեղի են ունենում գների փոփոխություններ, դրանք բավական արագ արտացոլվում են նաև Հայաստանի սպառողական շուկայում։ Համաշխարհային տնտեսության վերջին տարիների անկայունությունը, մատակարարման շղթաների խափանումները, տարածաշրջանային հակամարտությունները և էներգակիրների գների տատանումները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գնաճային ճնշումները դառնում են գրեթե անխուսափելի։

Միաժամանակ, ներքին գործոնները նույնպես կարևոր դեր ունեն։ Տնտեսության կառուցվածքային խնդիրները, արտադրության սահմանափակ ծավալները և ներմուծումից կախվածությունը հաճախ հանգեցնում են այն իրավիճակին, երբ ներքին շուկայում առաջարկը բավարար չէ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար։ Սա հատկապես վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին և սննդամթերքին։ Երբ ներքին արտադրությունը չի կարողանում ապահովել շուկայի պահանջարկը, գների վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում ներմուծման արժեքը և միջազգային շուկաների փոփոխությունները։

Գնաճն ունի, բնականաբար, նաև կարևոր սոցիալական հետևանքներ, որոնք հաճախ ավելի լուրջ են, քան տնտեսական ցուցանիշների փոփոխությունը։ Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում։ Գնաճը կարող է նաև ազդել սպառողական վարքագծի վրա։ Երբ մարդիկ սկսում են զգալ գների աճի ազդեցությունը, նրանք հաճախ փոխում են իրենց գնումների կառուցվածքը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով անհրաժեշտ ապրանքներին և կրճատելով երկրորդական ծախսերը։ Սա կարող է հանգեցնել որոշ տնտեսական ոլորտների ակտիվության նվազմանը հատկապես այն ոլորտներում, որոնք կապված են ոչ առաջնային սպառման հետ։ Արդյունքում տնտեսական աճը կարող է դանդաղել, որովհետև գաղտնիք չէ, որ սպառումը տնտեսական ակտիվության կարևոր շարժիչներից մեկն է։

Միևնույն ժամանակ, գնաճը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունները։ Բարձր եկամուտ ունեցող մարդիկ սովորաբար ավելի հեշտ են հարմարվում գների փոփոխություններին, որովհետև նրանց եկամուտների մի մասը կարող է ներդրվել կամ պահպանվել այլ ակտիվների տեսքով։ Իսկ ցածր եկամուտ ունեցող խմբերը հիմնականում ծախսում են իրենց եկամուտների մեծ մասն անմիջական սպառման վրա, և այդ պատճառով գնաճը նրանց վրա ունի անհամեմատ ավելի ծանր ազդեցություն։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի և հասարակության ներսում տնտեսական բևեռացման խորացման։

Գնաճի ազդեցությունը նկատելի է նաև բիզնես միջավայրում։ Մի կողմից՝ գների աճը կարող է բարձրացնել որոշ ընկերությունների եկամուտները, սակայն մյուս կողմից՝ այն նաև մեծացնում է արտադրության և ծառայությունների մատուցման ծախսերը։ Հումքի, էներգիայի, աշխատուժի և լոգիստիկ ծառայությունների թանկացումը հաճախ ստիպում է ընկերություններին բարձրացնել իրենց արտադրանքի գները կամ կրճատել ծախսերը։ Սա կարող է ազդել աշխատաշուկայի վրա, որովհետև ծախսերի կրճատումը երբեմն իրականացվում է աշխատատեղերի կամ աշխատավարձերի հաշվին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular