ՔՊ-ն զտումներ է սկսել իր իսկ ընտրական ցուցակում։ Արդեն երկու թեկնածու լքել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ շաբաթներ առաջ ձևավորված ընտրական ցուցակի առաջին 50-նյակը, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ևս 3-4 թեկնածու ստիպված կլինեն խորհրդարանական ընտրություններին հետևել ոչ թեկնածուի կարգավիճակով։ Եթե, իհարկե, ընդդիմադիր որևէ այլ կուսակցություն չգտնեն։ «Քաղաքացիական պայմանագիրը» նախօրեին վարչության հերթական նիստն է գումարել, որից հետո կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնեց, թե ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է։
«Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու»,- գրել է նա։ Ավելի վաղ ցուցակից դուրս էր մնացել նաև պատգամավոր Կարեն Գրիգորյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկուսին էլ հեռացրել են քարոզարշավի ժամանակ տարբեր պատվիրակների զանգելու, նրանցից աջակցություն խնդրելու համար, թեպետ կանոններով դա արգելվում է։ Վարչությունը նիստում մի քանիսի հարցն էլ է քննարկել, որոշել առաջիկայում անդրադառնալ նրանց։ Որքան էլ կասկածելի են համարել ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի հինգ անդամների ստացած քվեները (իսկ դրանք բավական բարձր են), որոշել են վերահսկիչներին չդիպչել։
Ցուցակում կմնա նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որի ստացած 298 ձայնը ևս խիստ կասկածելի է։ Բայց Բագրատյանի համար անձամբ երաշխավորել է Նիկոլ Փաշինյանը, ասել, թե նա լավ պատգամավոր է։ Մեր աղբյուրը հայտնեց, որ Բագրատյանը միգուցե պատգամավոր չդառնա։ Փաշինյանը վերջինիս ուզում է Վայոց ձորի մարզպետ նշանակել ընտրություններից հետո, իսկ գործող մարզպետ Վահագն Արսենյանին բերել խորհրդարան։ Այդպես ավելի անվտանգ է։
Իսկ վտանգավոր գոտում հայտնված թեկնածուներն են Նարեկ Գրիգորյանը՝ 400 ձայնով, Վայքից Հայկ Ավագյանը՝ 289 ձայնով, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը (286 ձայն)։
Սերինե Բադալյան