Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ջրացատկ սպորտաձև
ՖՈՏՈՋրացատկի մրցումների իմաստը հանգում է նրան, որ մարզիկը, ցատկելով ցատկահարթակից թռիչքի ժամանակ կատարում է տարբեր ակրոբատիկ տարրեր (պտույտներ, պտույտներ իր առանցքի շուրջը, պտուտակներ): Ելույթը գնահատելիս դատավորները գնահատում են նաև մարզիկի ջրի մեջ մտնելու մաքրությունը:
Հաստատ հայտնի է, որ մարդիկ սուզվել են ջրի մեջ դեռ անհիշելի ժամանակներից:
Հնագիտական պեղումների ժամանակ այդ փաստի բազմաթիվ վկայություններ են հայտնաբերվել որմնանկարների վրա, կան նաև ջրի մեջ ցատկող մարդկանց պատկերներ սափորների վրա: Հին ժամանակներում նավաստիներին կամ ձկնորսներին, մարգարիտի սուզորդներին կամ պարզապես սուր զգացմունքներ փնտրողներին պարզապես անհրաժեշտ էր լավ լողալ ու սուզվել։
Այնուամենայնիվ 19-րդ դարի երկրորդ կեսին է ջրացատկը լայն տարածում գտել, և մոտավորապես նույն ժամանակ էլ սկսվել է նրա բուռն զարգացումը։ Դրան նպաստել են մի շարք գործոններ՝ մարմնամարզության հանրաճանաչությունը, արդյունաբերության զարգացումը, տարբեր սպորտային ջրային համալիրների ու կառույցների ստեղծումը։ Հետաքրքրությունը այդ սպորտաձևի նկատմամբ շարունակել է աճել հսկայական տեմպերով: 1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ջրացատկի երկու տեսակ կար՝ ցատկահարթակ և աշտարակ: Առաջինները տարածված էին Գերմանիայում, երկրորդները Շվեդիայում։ Գերմանացիներն իրենց ցատկերը կատարում էին ցատկահարթակից, ջուր մտնելը կատարվում էր գլխով, իսկ ձեռքերը սեղմված էին մարմնին։ Շվեդներն ունեին ջրացատկի իրենց ոճը, թռիչքի ժամանակ նրանց շարժումներն օդում փափուկ էին և ճկուն, ջուր մտնելն արվում էր ձեռքերն առաջ։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը Գերմանիան և Շվեդիան էին ճանաչված այդ մարզաձևի առաջատարներ։ Հետո ջրացատկը հայտնի դարձավ ԱՄՆ-ում։ Դա մեծապես պայմանավորված էր տաք կլիմայով, որը հնարավորություն էր տալիս բաց երկնքի տակ տարեկան 7 ամիս լողալ, ինչպես նաև զարգացան սպորտային ենթակառուցվածքները: Ժամանակի ընթացքում ամերիկացիները մշակեցին ցատկելու իրենց ոճը համատեղելով սկանդինավյան ջուր մտնելը և գերմանական ուղիղ պահվող ոտքերը։ Այդպես էլ ի հայտ եկավ ջրացատկի ժամանակակից տեխնիկան, որը, փաստացի, ստեղծվել է տարբեր երկրների ներկայացուցիչների համատեղ ջանքերով։
Ջրացատկի Եվրոպայի առաջին առաջնությունն անցկացվել է 1890 թվականին, իսկ աշխարհի առաջնությունը 1973 թվականին։ 1904 թվականին այդ մարզաձևը դարձել է օլիմպիական մարզաձև: 1970 թվականին ցուցադրական ելույթներում ԽՍՀՄ հավաքականն առաջին անգամ ցուցադրել է ջրացատկի նոր տեսակ՝ սինքրոն ջրացատկը, որն էլ արդեն 2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ներառվել է մրցումային ծրագրում։
Այսօր էլ է ջրացատկը ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերում աշխարհում: Օդում ակրոբատիկ տարրերով նրբագեղ թռիչքները երկար ժամանակ եղել են ջրային սպորտի բոլոր առաջնությունների և Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները:
Կ. Խաչիկյան