Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, ով սովորում է այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։