ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգս փոքրուց հետաքրքրասեր էր։ Լեզուների հանդեպ հետաքրքրություն ուներ, դեռ փոքր տարիքից ամսագրերում ու թերթերում ընդգծում էր տառերը, նկարները։ Ռուսական կրթություն ունեմ, և այդ ամսագրերն ու թերթերն էլ ռուսերենով էին, արդյունքում նա ավելի շուտ սկսեց ռուսաց լեզվի տառերը սովորել։ Մինչև դպրոց գնալը տառաճանաչ էր։ Գիրքն ու գրիչն իրեն ավելի հետաքրքիր էին, քան խաղալիքը։ Դպրոցում՝ առաջին դասարանում նկարչության դասերին հասկացանք, որ գեղեցիկ է նկարում։ Ընդունվեց Իգիթյանի անվան գեղարվեստի կենտրոն, մոտ երկու տարի հաճախեց այդ կենտրոնը, սկսել էր մանրանկարչությամբ զբաղվել, չնայած սկզբում գուաշով էր նկարում։ Ուսուցչուհին ասում էր՝ քո տղան «վիճում» է ներկերի հետ։ Ներկերի հետ գուցե «վիճում» էր, բայց իրականում շատ խոհեմ, համեստ տղա էր։ Նա վստահ էր, որ մարդուն խոսքով կարելի է ամեն ինչ բացատրել, քան կռիվ անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Հիշում է՝ որդու ուսուցչուհին հաճախ է ասել՝ Գևորգի տետրերը փակցնելու եմ դպրոցում, որ բոլորը տեսնեն նրա գեղեցիկ ձեռագիրը։ «Գևորգը շատ լավ էր սովորում, սիրելի առարկաներն էին «Աշխարհագրությունը» և լեզուները։ Պատմողական առարկաները կարող էր անգամ տանը չսովորել, մեկ անգամ կարդալ և դպրոցում անսխալ պատասխանել իր դասը»։ Գևորգը և եղբայրը դպրոցին զուգահեռ կարատեի են հաճախել ավելի կոփված, ամրակազմ լինելու համար։ «Գևորգն ինքնուրույն լեզուներ էր սովորում։ Իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ազատ խոսում էր։ Լեզուները խմբավորում էր ըստ լեզվաընտանիքի, որ հեշտ սովորեր»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գևորգն ընդունվել է Տեխնոլոգիական քոլեջ։ «Գերազանց ավարտեց այն։ Այնուհետև ընդունվեց Մանկավարժական համալսարանի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ միանգամից երկրորդ կուրս։ Աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Միշտ ասում էր՝ ինքս պիտի դա անեմ։ Չէր ուզում մեզ նեղություն տալ։ Աշխատում էր առևտրային ցանցում՝ մսամթերքի վաճառքի բաժնում, աշխատանքի շնորհիվ բավական հմտություններ, փորձ էր ձեռք բերել մսամթերքի պատրաստման հետ կապված, որոնք նաև տանն էր կիրառում»։

Գևորգն իր տարիքի տղաների հետ բանակ չի զորակոչվել, քանի որ ընկել էր, բազկի կոտրվածք ստացել։ «Մետաղական պլաստինայով բազուկը հավաքել էին, այդ պատճառով իր ծառայության մեկնելը հետաձգվեց։ Բայց 2020 թվականին զինկոմիսարիատում ասացին՝ առողջ է, թող պլաստինան հանեն, զորակոչում ենք բանակ։ Թիկնեղ էր, ամրակազմ, աչքի ընկնող, միշտ պարապում էր»։

Բանակ զորակոչվելուն սպասելիս Գևորգը որոշում է պարապ չմնալ։ Ընդունվում է Ավիաուսումնական կենտրոն, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ «Մեր ընտանիքն ավիացիայի հետ սերտ կապ ունի։ Ամուսինս 40 տարի է՝ ավիաոլորտում է աշխատում, ավագ ավիատեխնիկ է օդանավակայանում, իսկ ես տվյալ հաստատությունում գրադարանավար եմ։ Գևորգը որոշեց ընդունվել Ավիաուսումնական կենտրոնի «Ավիակարգավար» բաժինը, ընդունվեց անվճար։ Գերազանց ավարտեց առաջին տարին, իսկ հետո արդեն զորակոչվեց բանակ»։ Գևորգը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին։ Ծառայում էր Իվանյանում։ «Իր ձեռքը, մեծ հաշվով, չէր լավացել, իրեն ասում էի՝ դիմենք, հետաձգվի մեկնելդ։ Բայց նա արձագանքում էր՝ ինձ ի՞նչ է եղել։ Բայց ամեն դեպքում տխուր գնաց և մեկնելուց առաջ ինձ մի նախադասություն ասաց, որը չեմ մոռանում. «Մա՛մ, չեմ ուզում իմ հարազատի մահը տեսնել, ինձ համար դա ծանր է»։ Ինչո՞ւ ասաց այդ նախադասությունը, ի՞նչ էր կանխազգում»։

Գևորգը կարանտինն անցկացրել է Ասկերանում։ Մինչև սեպտեմբերի 2-ը նա այնտեղ է եղել։ «Համավարակի շրջանն էր, տեսակցություններն արգելված էին։ Նա էլ կարգ ու կանոնին անասելի հետևում էր։ Տեղափոխվեց Իվանյան, սեպտեմբերի 5-ին իր երդման արարողությունն էր, որին ներկա չենք եղել։ Ասում էր՝ միևնույնն է, գալու եք, ձեզ չեն թողնելու ներկա գտնվել։ Ամեն օր երեկոյան խոսել ենք իր հետ։ Երբ հարցնում էի, թե ինչով է զբաղված, արձագանքում էր՝ շինարարության աշխատանքներ են ընթանում, գնում ենք օգնելու, մի քանի անգամ էլ ասաց, որ խրամատներ են փորում»։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան է Գևորգը զանգահարում մայրիկին և հորդորում՝ իր համարով չզանգահարել։ «Հաջորդ զանգերից արդեն պարզ էր, որ հեռախոսն իր մոտ չէր։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ լռություն էր։ Հարցնում էի՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ շատ լավ, նորակոչիկներին չեն տանում ռազմաճակատ։ Եղբայրը դրան չէր հավատում։ Միայն ասում էր՝ այստեղ կյանք ու կռիվ է։ Հոկտեմբերի 18-ին զանգահարեց, մի տեսակ ուրախ էր՝ գետում լողացել ենք, հաց կերել։ Հոկտեմբերի 19-ին ենք իր հետ վերջին անգամ խոսել։ Միայն ասում էր՝ իմ զանգած հեռախոսահամարներին չզանգահարեք։ Մեկ էլ հոկտեմբերի 23-ին ինչ-որ մեկը զանգահարեց ամուսնուս. «Ձեր տղան է խնդրել զանգահարել ու ասել, որ ամեն ինչ լավ է»։ Հոկտեմբերի 19-ից մինչև 27-ը փնտրում էինք իրեն ամենուր։ Զանգահարեցինք իր «զամպալիտին», մեկ բառ, և ամուսինս միանգամից տանից դուրս եկավ։ Ասել էին՝ ձեր երեխան Երևանում է»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 25-ին։ «Իրենց խումբը 14 կամ 15 հոգուց է բաղկացած եղել։ Այդ թիվը հստակ չեն ասում։ Մի քանիսն են ողջ մնացել, մյուսները՝ 11 հոգին, շելի տակ են մնացել և խեղդվել։ Իրենց ուղարկել են այնտեղ, որտեղ պետք է չուղարկեին։ Իրենց ուղարկել են Վարանդա, տղաները հասկացել են, որ այնտեղից հետ չեն գա։ Հոկտեմբերի 19-ին, երբ գնացել են, ջոկի հրամանատարը տղաներին հասկացրել է՝ այնտեղ վտանգավոր է, հնարավոր է՝ հետ չգան։ Դա ես արդեն հետո եմ իմացել»։

Այս փաստերն ունենալով՝ մայրիկը հիմա էլ բազմաթիվ հարցերի պատասխանները չունի։ «Տղաների ընտանիքներին գտա, և ամեն մեկը մի բան է պատմում։ Իրեն փակ են բերել, հայրիկն է գնացել ճանաչելու, ինձ թույլ չի տվել, ես չէի հավատում, որ նա է եղել։ Զինկոմիսարիատից պահանջեցի Գևորգի մարտական ուղին, չտրամադրեցին։ Գրավոր դիմեցի զորամասին՝ հասկանալու համար մանրամասները, թե ինչ ծառայություն է նա իրականացրել։ Նրան նշանառու էին նշանակել, հետո՝ ավագ կապավոր։ Իր զինգրքույկում, երբ մի պաշտոնից հետո նրան մյուսին են նշանակել, չկա կնիք ու ստորագրություն։ Քրեական գործ հարուցեցինք, բայց այն կարճվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Կյանքը չի շարունակվում, բայց շարունակում ենք ապրել մեր կրտսեր տղայի համար։ Հիմա նա է շարունակում եղբոր «գործը»։ Ուզում ենք ընտանիք կազմի, երջանիկ լինի, որդի ունենա։ Գուցե դա մեզ համար սփոփանք դառնա։ Չնայած բոլորս ենք հասկանում՝ որևէ մեկը մեր Գևորգի տեղը չի լրացնի։ Գևորգի բացակայությունը կոտրեց մեզ, ընտանիքով մի տեսակ մեկուսացանք։ Կրտսեր որդիս հաճախ է ասում՝ ինչ էլ անում եմ Գևորգի համար, ինձ թվում է՝ քիչ է։ Երկու որդիներս այնքան տարբեր են իրարից, տարբեր բնավորություն ունեին, բայց միշտ իրար համար թև ու թիկունք էին»։

Հ. Գ. - Ավագ կապավոր Գևորգ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մանկավարժական համալսարան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular