Ռուսաստանում կդադարեցվի վարորդական իրավունքի ավտոմատ երկարաձգումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում 2026 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի վարորդական իրավունքի ավտոմատ երկարաձգման կարգը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Պետդումայի տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի առաջին փոխնախագահ Պավել Ֆեդյաևը։ Նրա խոսքով՝ ավտոմատ երկարաձգումը սկզբնապես կիրառվել էր որպես ժամանակավոր միջոց՝ կորոնավիրուսի համավարակի և հետագա տարիների բարդ պայմանների ընթացքում։
Ֆեդյաևը պարզաբանել է, որ այն վարորդական իրավունքները, որոնց ժամկետը լրացել է կամ լրանալու է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, համարվում են վավեր ևս երեք տարի՝ առանց փոխարինման անհրաժեշտության։ Այդ ժամանակահատվածը, ըստ պատգամավորի, բավարար է, որպեսզի վարորդները հանգիստ և պլանային կարգով փոխեն իրենց փաստաթղթերը՝ առանց հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծելու համապատասխան մարմինների համար։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե վարորդական իրավունքի ժամկետը լրանում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո, ապա ավտոմատ երկարաձգումը տվյալ փաստաթղթի վրա այլևս չի տարածվի։ Բացի այդ, նշվել է, որ ավտոմատ երկարաձգման մեխանիզմը գործում է միայն Ռուսաստանի տարածքում, և արտերկիր ավտոմեքենայով մեկնելու դեպքում վարորդական իրավունքը պետք է նախապես փոխարինել նորով։