ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ սեղմվող օղակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքը վաղուց դուրս է եկել զուտ ներքին կառավարման դաշտից և վերածվել է համակարգային ճնշման քաղաքականության։ Իշխանության քայլերը մեկը մյուսին հաջորդելով ձևավորում են հստակ պատկեր՝ նպատակ ունենալով կոտրել Եկեղեցու անկախությունը, սահմանափակել նրա ազդեցությունը և այն ենթարկել կառավարելի քաղաքական վերահսկողության։

Իշխանությունների համար ակնհայտորեն խնդրահարույց է այն հանգամանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ պետական վերահսկողությունից դուրս գործող վերջին խոշոր ինստիտուտը, որն ունի հանրային վստահություն և կարող է ինքնուրույն արտահայտել դիրքորոշում։ Հենց այս հանգամանքն է, որ Եկեղեցին դարձնում է թիրախ։ Կաթողիկոսին հեռացնելու շուրջ խոսակցությունները, հոգևորականության շրջանում իշխանությանը հավատարիմ գործիչներ փնտրելու փորձերը և ներքին պառակտումներ հրահրելու քաղաքականությունը պատահական դրվագներ չեն, այլ մեկ ընդհանուր շղթայի օղակներ։

Այս քաղաքականության ամենավառ օրինակներից մեկը բարերար, գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակն է, որը արդեն կես տարի գտնվում է կալանքի տակ այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն։ Սա հստակ ազդակ է ոչ միայն անհատներին, այլև ողջ հասարակությանը՝ Եկեղեցու կողքին կանգնելը կարող է ունենալ ծանր հետևանքներ։

Հակաեկեղեցական քաղաքականության հերթական դրսևորումը դարձավ «Շողակաթ» հեռուստաալիքի փակման որոշումը։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ հունվարի մեկից դադարեցվում է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը։

Պաշտոնական հիմնավորումը կապվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետ, սակայն իրական նպատակը ակնհայտ է։ Հանրային հեռարձակողի կազմում գործող, Մայր Աթոռի կողմից հիմնադրված և ֆինանսավորվող հեռուստաընկերությունը վերջին շրջանում հաճախ էր հանդես գալիս իշխանությանը քննադատող դիրքերից, ինչը դարձավ նրա փակման իրական պատճառը։

Խորհրդարանում ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնցով հանրային հեռուստաալիքների թիվը կրճատվում է, ներկայացվում են տարբեր պատճառաբանություններով, սակայն փաստացի ուղղված են հենց այս հեռուստաընկերության գործունեության դադարեցմանը։ Սա ոչ թե մեդիա դաշտի կարգավորման քայլ է, այլ նպատակային հարված Մայր Աթոռին և նրա տեղեկատվական հարթակին։

Սրան զուգահեռ իշխանությունը քննարկում է նաև Հողային օրենսգրքում փոփոխություններ, որոնցով առաջարկվում է եկեղեցիների շինարարության և սպասարկման համար Մայր Աթոռին համայնքային և պետական հողերը տրամադրել ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն օգտագործման իրավունքով։ Օրենքի հիմնավորումներում բացակայում է որևէ հստակ պատճառաբանություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ խոսքը ոչ թե իրավական բարեփոխման, այլ ճնշման նոր գործիքի մասին է։

Այս ամենը միասին վերցրած ձևավորում է մտահոգիչ մի պատկեր։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քայլերը մեկ անձի կամ մեկ իրավիճակի հետ կապելն այլևս դժվար է։ Տեսանելի է համակարգված մոտեցում, որտեղ կիրառվում են քաղաքական, իրավական և տեղեկատվական լծակներ՝ Եկեղեցու դիրքերը թուլացնելու համար։ Հեռուստաալիքի փակումը, հողային սահմանափակումները, հոգևորականության ներսում պառակտումներ հրահրելու փորձերը նույն քաղաքական գծի բաղադրիչներն են։

Երբ իշխանությունը պատրաստ է փակել հեռուստատեսություն, սահմանափակել Մայր Աթոռի իրավունքները և ճնշում գործադրել Եկեղեցուն աջակցող գործիչների վրա, դա արդեն խոսում է ոչ թե առանձին որոշումների, այլ սկզբունքային ընտրության մասին։ Այս քաղաքականությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետության համար, քանի որ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի թուլացումը անխուսափելիորեն թուլացնում է նաև երկրի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular