ԱՄՆ Տեխաս նահանգում Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Երկուսը ողջ են մնացել, իսկ մեկի ճակատագիրը մնում է անհայտ, տեղեկանում ենք Մեքսիկայի ռազմածովային ուժերի հաղորդագրությունից։
«Մեր ինքնաթիռը, որը բժշկական աջակցության առաքելություն էր իրականացնում Միչու ի Մաու հիմնադրամի հետ համակարգված, վթարի է ենթարկվել Տեխասի Գալվեսթոն քաղաքի մոտակայքում վայրէջքի ժամանակ», – նշված է Ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռում ութ մարդ կար՝ երկու օդաչու և վեց ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա, որը բուժման կարիք ուներ։ Ինքնաթիռն իրականացնում էր ռազմաբժշկական թռիչք և խիտ մառախուղի պայմաններում մոտենում էր Շոլսի միջազգային օդանավակայանին։
«Օդանավում գտնվող ութ մարդկանցից հինգի մահը հաստատվել է, երկուսը ողջ են, իսկ մեկը չի գտնվել։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։