«Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ռաֆոն շատ համեստ, ամաչկոտ տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Ռաֆայելի մայրիկը։ Ռաֆայելը ծնվել է Սիսիան քաղաքում։ Այնտեղ ապրել է 5 տարի, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Արմավիրի մարզի Ջրարբի գյուղ։ «Նոր ընկերներ ձեռք բերեց, հարմարվեց շրջապատին։ Գյուղի դպրոցն էր հաճախում։ Առաջադիմությունը հարվածային էր։ Համակարգիչների հանդեպ էր իր հետաքրքրությունը։ Դպրոցին համատեղ սովորեց և համակարգչային օպերատորի որակավորում ստացավ։ Ինքնուս անգլերեն, նույնիսկ թուրքերեն է պարապել։ Սենյակում առանձնանում էր, պարապում, ես տեղյակ չէի դրա մասին։ Իր զոհվելուց հետո եմ տետրերն ուսումնասիրել»։ Մայրիկի խոսքով, որդին խղճով էր, իր վերջին ունեցածն էլ ընկերոջը կտար, լավություն կաներ։
Ռաֆայելի ժամկետային զինծառայությունն անցել է Իջևանում։ «Սահման էր պահում։ Երբ արդեն զորացրվեց, տուն եկավ, ուզում էինք իրեն Ռուսաստան ուղարկել, բայց չհամաձայնեց. «Մա՛մ, երկու տարի դիրք ու սահման եմ պահել, ո՞նց կարող եմ իմ հայրենիքը թողնել ու գնալ ուրիշ տեղ»։ Տարբերվող մտածելակերպ ուներ։ Նա ուրիշ կերպ էր պատկերացնում հայրենիքի, տան գաղափարը, հայրենիքը վեր էր դասում ամեն ինչից։ Իր հայրիկի մահից հետո, հաշվի չառնելով այն, որ եղբայրը հաշմանդամություն ունի, մեզ թողեց ու պատերազմ մեկնեց։ Ես թույլ չէի տալիս, ասում՝ ինձանից հետո ով պետք է եղբորդ պահի, բայց նա ինձ չլսեց»։
2020 թվականին տիկին Հերմինեի ընտանիքում ողբերգությունները հաջորդում են մեկը մյուսին։ «Այդ թվականին մահացավ ամուսինս։ Հետո սկսվեց պատերազմը, և սեպտեմբերի 28-ին, որպես պահեստազորային, Ռաֆայելը մեկնեց Արցախ։ Իր հետ միշտ կապի մեջ եմ եղել, իմ հեռախոսի մեջ իր հաղորդագրությունները պահպանվում են։ Եթե չէր զանգում, ուրեմն նամակ էր գրում»։
Սկզբնական շրջանում Ռաֆայելը եղել է «Մարտունի 3»-ում։ «Դիմում գրեցի նախարարությանը, որ տղայիս հետ ուղարկեն, բայց դիմումս մերժված վերադարձավ ինձ։ Հիմա, երբ իր մարտական ընկերներն այդ օրերից ինչ-որ բան են պատմում, նշում են՝ անընդհատ ձեր անունն էր տալիս, ասում էր՝ մամաս, մամաս։ Գիտեր, թե ինչ էր սպասվում»։
Ռաֆայելի և մայրիկի վերջին զրույցը նոյեմբերի 9-ին էր։ «Ցերեկն ենք խոսել, ժամը չորսին։ Ասաց. «Մա՛մ, ահավոր է, գլուխս չեմ կարողանում բարձրացնել»։ Վերջին օրերին արդեն «Մարտունի-2»-ում են եղել»։ Ռաֆայելը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարի օրը։ «Իր մահվան վկայականում նշված է նոյեմբերի 8-ը։ Հարց տվեցի՝ ինչո՞ւ եք 8-ը նշել, ես իր հետ ամսի 9-ին խոսել եմ։ Հասկանում եմ, որ այնտեղ խառնաշփոթ է եղել, չեն իմացել, թե որ օրը նշեն։ Երբ իմ տղան զոհվեց, ամուսնուս եղբոր տղան մահացավ։ Իր հետևից էր գնում, որ տեսներ, թե որ հիվանդանոցում է։ Վթարի ենթարկվեց։ Բոլորն իրար էին խառնված, և որևէ մեկը տղայիս մարմինը չի տեսել։ Ռաֆոյիս չեմ տեսել, իրեն փակ են բերել։ Ինձ հարցրել էին, թե ինչ նշաններ կան մարմնի վրա, ասել եմ, որ ձեռքին դաջվածք ունի։ Ամիսներ հետո եմ այդ օրերին տեղի ունեցածը վերլուծել, հասկացել, թե ինչու էին ինձ նման հարցեր տալիս։ Իմ եղբայրն իր ձեռքը նկարել էր ու ինձ ուղարկել, այդ նկարը մինչև հիմա պահում եմ։ Բայց մինչև հիմա էլ չեմ հավատում, որ տղաս էլ չկա, ինչպես այն ժամանակ չէի հավատում։ Նոյեմբերի 9-ին խոսել էի Ռաֆոյիս հետ, մտքովս չէր անցնում, որ նա կարող է զոհվել»։
Մայրիկը շարունակում է չհավատալ որդու զոհվելու փաստին, քանի որ չի կարողացել հրաժեշտ տալ նրան։ Ասում է՝ երբ ամեն անգամ գերիների ցուցակ էր հրապարակվում, նա այդ ցուցակներում Ռաֆայելի անունն էր փնտրում։ «Վերջին օրերին իր համարից չի զանգել։ Այդ համարով զանգեցի, մի տղա պատասխանեց զանգիս, չասաց, որ Ռաֆոս էլ չկա. «Աչքերս բացել եմ, հիվանդանոցում եմ, ինձ չանհանգստացնեք»։ Մինչև հիմա այդ տղան ինձ հետ կապ չի հաստատել։ Նաև մտածում եմ, որ գուցե իմ հարազատներն ինձ շատ մանրամասներ չեն ասում, որ չտառապեմ, բայց երբ քո աչքով չես տեսնում, ոչ մի բանի էլ չես հավատում։ Մինչև հիմա ճիշտը չգիտեմ»։
Ապրելու ոււժի մասին։ «Այնպես եմ անում, որ մյուս տղաս՝ Հարութս, լավ լինի, իրեն լավ զգա, բայց իմ սրտում Ռաֆայելիս բացը կա։ Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի։ Իսկ անցնող օրերում Հարութիս աչքերն են ուժ տալիս։ Եթե կոտրվեմ, նա առանց ինձ չի կարող։ Մի տեսակ անտեսված լինելու զգացում կա։ Հինգ տարվա մեջ մեկը դուռը չի բացում, հարցնի՝ ո՞ղջ եք, թե՞ մեռած։ Դա անարդար է։ Ինձ ասում են՝ այնքան ուժեղ ես, Հերմի՛ն, բայց չգիտեն, թե որքան փխրուն է սիրտս»։
Հ. Գ.- Ռաֆայել Ֆրանգուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Ջրարբիում խաչքար և հուշաղբյուր են տեղադրել՝ ի հիշատակ Ռաֆայելի։ Հուղարկավորված է Ջրարբիի գերեզմանատանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում