ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, խնդրում եմ՝ տղայիս լավ կպահես». կամավոր Սեդրակ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լեցուն, լավ մարդ էր։ Չէր ընդունում այն միտքը, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել։ Նա ամեն ինչ կարողանում էր անել։ Ճարպիկ տղա էր, լավ ձկնորս և որսորդ։ Այդ տարիքի տղա էր, բայց երբեք առանց իր հայրիկի սեղան չի նստել։ Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքը կտար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Սեդրակի մայրը։

Սեդրակը ծնունդով Արմավիրի մարզի Հացիկ գյուղից է։ Սովորել է Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Աննան նշում է՝ սովորելուց չէր փայլում։ «Բայց դպրոցում ևս օրինակելի մարդ էր»։ Սեդրակի ժամկետային ծառայությունն անցել է Սանասարում։ Նա ավագ հրաձիգ է եղել։ Տուն վերադառնալով՝ զբաղվել է տարաբնույթ աշխատանքներով, ընտանիք կազմել, որի անդորրը խաթարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ «Մեզ խաբեց, որ ծանուցագիր է ստացել։ Ամուսինս գնաց գյուղապետարան, այնտեղ ասացին, որ իր անունով ծանուցագիր չի եկել։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան ամուսինս և տղաս զինկոմիսարիատում էին։ Հայրը չէր կարողանում որդուն համոզել, որ տուն գա։ Ինչ-որ առումով իրավիճակը չէինք հասկանում, մեզ թվում էր, թե մի քանի օրում ամեն ինչ կավարտվի, ինչպես Ապրիլ յան պատերազմը։ Երբ սկսվեց Քառօրյան, այգեգործական աշխատանքներով էինք զբաղված։ Առավոտյան տեսանք, որ պատերազմ է սկսվել։ Տղաս միանգամից ասաց՝ ես գնում եմ տուն։ Ընկերոջ հետ պայմանավորվել էր, որ պետք է սահման գնային, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց։ Բայց այդ ժամանակ էլ մեզ չէր ասել այդ մասին, հետո իր ընկերոջից իմացա»։

Տիկին Աննան ասում է՝ իր եղբայրը կռվել է 1990-ական թվականներին, Շուշիի ազատագրման հարցում իր ներդրումն է ունեցել։ «Վիրավորվել էր, իրեն Դրմբոնում վիրահատել էին, բայց 1993 թվականին՝ արդեն տանը, մահացավ։ 2020 թվականի պատերազմի օրերին, երբ տղաս ուզում էր գնալ մարտի դաշտ, իրեն ասում էի՝ դու ինձ նորից մի անցկացրու այն ամենի միջով, ինչը ես տարիներ առաջ տեսել եմ։ Բայց նա ինձ չլսեց։ Իրերը հավաքեց, գնաց, օրերով տուն չէր գալիս։ Հոկտեմբերի 1-ին եկավ, ուրախացա, որ էլ չի գնա»։

Ֆիլմի կադրերի պես է այդ օրը հիշում տիկին Աննան։ «Լողացավ, բաղնիքից դուրս եկավ, հեռախոսին զանգ եկավ։ Նա ավելի շուտ հասավ հեռախոսին, քան ես ու իր կինը։ Զանգին պատասխանեց՝ հենց հիմա գալիս եմ։ Գիշերը ժամը 12-ին նստեց մեքենան ու արագությամբ դուրս եկավ բակից, մի երկու տուն այն կողմ արգելակեց, ամուսինս նստեց մեքենան, իսկ ես՝ ժակետը ձեռքիս, մնացի փողոցի կենտրոնում կանգնած։ Եթե հասցնեի, թեկուզ մեքենայի առաջ կպառկեի, բայց թույլ չէի տա, որ գնա։ Հոկտեմբերի 2-ից մինչև 7-ը մնացել է Սիսիանի գնդում։ Հոկտեմբերի 7-ին ասել էին՝ ո՞վ է գալիս Ջրական։ Մեզ հետ խոսում էր այդ օրերին, բայց չէր ասում, որ վատառողջ է, չնայած իր ձայնից զգացվում էր։ Իրեն ասացի՝ Սեթո, գալիս եմ քո հետևից։ «Տղուս արև, մա՛մ, գաս, ինձ այստեղ չես տեսնի»»։

Երեք ընկերներով՝ Ավետիքը, Շմավոնը և Սեդրակը ճանապարհվում են Ջրական։ «Թեժ մարտերի մեջ էին մտել, միացել հրամանատար Արմեն Գրիգորյանին։ Այնտեղ իրենց անվանել են «Ջաբրայիլի գազաններ»։ Միայն երեք անգամ շրջափակումից բազմաթիվ տղաների են դուրս բերել։ Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հրաման են ստանում, որ պետք է զենքով բարձված մեքենան դատարկեն։ Իր մարտական ընկերները հիմա մեր տուն հաճախակի են գալիս՝ հատկապես իր անմահանալու օրը, նրանք են պատմում։ Երբ 18 տարեկան տղաներն են առաջ գալիս առաջադրանքը կատարելու, Սեթոն ասում է. «Ես երեք երեխա ունեմ, գոնե սերունդ եմ թողնում։ Դուք մի կողմ գնացեք, մենք կդատարկենք»։ Բնականաբար, տղաները գիտակցել են, որ անօդաչուները հսկում են երկնքից։ Բայց նույնիսկ դա իմանալով՝ Ավետիքը, Շմավոնը և Սեդրակը, Արմենի հրամանատարությամբ, գնացել են մեքենան դատարկելու։ Անօդաչուն հարվածել էր, չորս տղաները և վարորդը զոհվել էին։ Ժամկետային զինծառայողներից մեկը, որն այդ պահին զենքը վերցնում է, որ մի կողմ տանի, վիրավորվում է։ Նա ևս մեր տուն գալիս-գնում է»։

2020 թվականին Սեդրակը մի շարք վտանգների է հանդիպել և կարող էր զրկվել կյանքից։ Բայց Սեդրակին կյանքից զրկողը պատերազմը դարձավ։ Նա անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում։ «Գիշերը ես զգացի իր մահը։ Սպասում էինք իր զանգին, բայց այդպես էլ չէր զանգահարում։ Իմ տղային գտա հինգ ամիս անց։ Ամեն հնարավոր տեղ իրեն էի փնտրում, չէի հավատում, որ իմ տղան զոհվել է, չնայած հոկտեմբերի 21-ին իր անունը հայտնվեց հեռուստաէկրանին»։

Ողջ մնացած տղաները նախքան այդ հատվածը լքելը «պահել» էին տղաների մարմինները հողի տակ։ Դեկտեմբերի 18-ին Սեդրակին տեղափոխում են Մարտունու դիահերձարան։ «Երբ Փաշինյանի հետ հանդիպման գնացի, ներկայացրեցի իմ որդու անուն-ազգանունը, կողքիցս մի տղա՝ Խաչիկը, որ Արմեն Գրիգորյանի եղբայրն է, ասաց՝ տիկին Աննա, քո որդին զոհվել է իմ եղբոր հետ։ Էլի չհավատացի, բայց նա նորից նույնը կրկնեց և խոստացավ, որ որդուս տուն կբերի»։ Հիմա Սեդրակը հայրենի գյուղում է։ «Ընտանիքիս անդամներին ասացի՝ ուզում եմ իմ հողը խառնվի երեխուս հողի հետ, իմ երեխուց բան չհասկացա, գոնե այնտեղ միասին լինենք»։

Ապրելու ուժի մասին։ «Սեդրակիս երեխաները դարձան ուժ տվողը։ Երբ Սեթոս գնաց, Գորիկս վեց ամսական էր։ Հենց նա մեզ «պահեց», որ ապրեցինք։ Հոկտեմբերի 13-ին զանգեց ինձ։ Ջրականում էր, վիճակը թեժ էր։ Ասացի՝ Սեթո ջան, արձագանքեց՝ ջան, մեր ջան։ Խնդրեցի՝ բալես, տուն արի, ասաց. «Մա՛մ, խնդրում եմ՝ տղայիս լավ կպահես»։ Նաև տատիկի հետ խոսեց։ Տատիկը սենյակից դուրս եկավ, վերադարձավ, աչքերը կարմիր էին, նրան ասել էր. «Տատի՛, սա վերջն է, այստեղից հետդարձ չկա»։ Երկու աղջիկ և մեկ տղա ունի տիկին Աննան։ Սեդրակը տան ավագն էր։ Իսկ Սեդրակի միակ որդին տան երեք երեխաներից կրտսերն է։ Երկու ավագ քույր ունի։ «Ավագ դուստրը՝ Աննաս, իմ անունն է կրում, միջնեկ աղջիկը՝ Եվաս, իր հայրիկի կյանքի շարժիչ ուժն էր, հայրիկի հետ անգամ մեքենա էին վարում, շատ նման է հայրիկին»։

Հ. Գ. - Կամավոր Սեդրակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հացիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular