ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունն այլևս անթաքույց ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներին ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ազատ ընտրություն կատարեն: Ու սա ոչ թե գրոտեսկ է, այլ...

Դատեք ինքներդ. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ ԱԳ նախարարների «նախաճաշային» հանդիպմանն ընդառաջ հայտարարել է. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»: Նա նաև հավելել է. «Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում»:

Զուտ տրամաբանական առումով աբսուրդային պատկեր է ստացվում. Փաշինյանի իշխանությունը խնդրում է ԵՄ-ին, որպեսզի այն միջամտի Հայաստանի ներքին գործերին (ընտրություններին), որպեսզի... արտաքին միջամտություն չլինի: Այսինքն, այդ նախաճաշին ԵՄ-ի երկայացուցիչները, Փաշինյանի իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ, պատկերավոր ասած՝ խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության իրավունքը: Մյուս կողմից՝ աբսուրդային են «արտաքին միջամտության» սպառնալիքի մասին հայտարարությունները, որոնք չունեն և որևէ փաստարկված հիմք: Հայաստանն, այնուամենայնիվ, Մոլդովան չէ: Ճիշտ է, ԵՄ-ն ու Փաշինյանի իշխանությունը շատ են ցանկանում Հայաստանում մոլդովական «ընտրություններ» բեմադրել: Այսինքն, անել այնպիսի «ընտրություններ», որտեղ բոլոր ընդդիմադիրները կա՛մ բանտարկված են, կա՛մ արգելված:

Չնայած... Հայաստանի դեպքում, կարծես, ավելի հեռուն են ուզում գնալ: Ու փորձագետները նկատում են, որ արդեն թիրախային նպատակը Հայաստանը ոչ թե «մոլդովական պարի» տակ ֆռռացնելն է, այլ ուկրաինական «գոպակի»: Կարճ ասած՝ Հայաստանը տանում են դեպի ուկրաինացում, առնվազն՝ ցանկանում են տանել: Ու, մեծ հաշվով, սա նշանակում է, որ Հայաստանը դրված է ստրկական արտաքին կառավարման տակ: Ըստ որում՝ բաժնեմասերով, իսկ բաժնետերերն էլ Բրյուսելը, Անկարան ու Բաքուն են:

Ի դեպ, մի պահ պատկերացրեք, թե հիմա «գրանտային» ամբողջ «քաղհասարակությունը» ինչ աղմուկ կդներ, եթե հանկարծ ու հանկարծ ԵԱՏՄ որևէ ներկայացուցիչ հայտարարեր, թե մի 5 միլիոն դոլար են հատկացնելու, որպեսզի առաջիկա ընտրություններին ընդառաջ Հայաստանը դիմակայի արտաքին միջամտություններին: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, կարծում ենք՝ այդ հավանական աղմուկից նույնիսկ ականջները փակեցիք: Բայց, այ, երբ Եվրամիությունն է բացեիբաց հայտարարում, որ պատրաստ է ուղղակիորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին, ընդհուպ՝ ընտրական պրոցեսին, դա արդեն... «թույլատրելի» է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular