Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա աշխատանքայն այցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը թեպետ արդեն անդրադարձել ենք,սակայն այն, իր ողջ խորքային վտանգավորությամբ, պահանջում է առավել դետալիզացված մոտեցում: Ինչի՞ մասին է խոսքը:
Հիշեցնենք՝ Փաշինյանն առաջարկեց Ալիևին, որպեսզի նա վերջ տա «Արևմտյան Ադրբեջանի» և դրա հետ շաղկապված խոսույթին՝ փոխարենը խոստանալով փակել Արցախ հայության վերադարձի իրավունքի արծարծման հարցը: Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը առաջարկում է այդ հարցերի «հայելային» հետքաշում անել, հրաժարվել նշված հարցերը բարձրացնելուց: Բայց ի՞նչ է սա՝ առաջա՞րկ, թե՞ հմուտ փոխանցում նույն Ալիևին: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, ինչն, ի դեպ, ընդգծում են նաև բազմաթիվ փորձագետներ, որ Փաշինյանն այդպիսով ոչ միայն հավասարության նշան է դնում միանգամայն տարբեր խնդիրների ու հարցերի միջև, այլև ուղղակիորեն լեգիտիմացնում է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվի բռնապետն այդպես է անվանում ժամանակակից ՀՀ-ն) ու դրա հետ կապված հարցերի արծարծումը միջազգային քաղաքական ասպարեզում:
Ըստ այնմ, սա ոչ այնքան առաջարկ է երևակվում (թող որ՝ անհեթեթ, անընկալելի առաջարկ), որքան ավելի շատ նմանվում է հմուտ «փոխանցման»: Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը «փոխանցումներով» խաղում են:
Սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է: Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն):
Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը Հայաստանի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում է այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը: Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզն սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին: Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով:
Սա է Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը: Բայց չշեղվենք:
Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով: Զգացեք տարբերությունը, ինչպես ասվում է: Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում:
Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա: Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով: Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը: Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «Արևմտյան Ադրբեջանի» հետ:
Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել... բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին:
Ի դեպ, ոչ միայն պատահական չէր, այլև օրինաչափ էր Փաշինյանի ռեպրեսիվ մարմինների կողմից օրերս իրականացված հարձակումը Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի վրա ևս: Դա, նկատենք, տեղի ունեցավ ճիշտ հաջորդ օրը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Սահմանադրության օրը, այնտեղ տեղի ունեցան լսումներ՝ ԼՂՀ խորհրդարանական ուժերի, ԼՂՀ ԱԺ նախագահի, Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների, գործիչների մասնակցությամբ:
Այդ լսումներում արծարծվող հիմնական թեման այն էր, որ Արցախի հայության վերադարձի իրավունքը անբեկանելի է, եթե կուզեք՝ անկապտելի: Իսկ հաջորդ օրը փաշինյանական իշխանության խուզարկողները ներխուժեցին ԼՂՀ ներկայացուցչության շենք...
Ինչ վերաբերում է Արցախի հայության՝ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքին, ապա այդ մասին խոսում են բազմաթիվ ուժեր ու գործիչներ: Արդեն նշվածներից բացի, այդ հարցը պարբերաբար արծարծում է «ՀայաՔվեի» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը: Այդ հարցին հետամուտ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ Արցախի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ (հատկապես «Արդարություն» խմբակցությունից):
Եվս մեկ էական նրբերանգ. նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, կհիշեք, իրեն բնորոշ հնչերանգով ասում էր, թե ինքն արցախցիների վարչապետը չէ, արցախցիներից ընտրություններով ստացած մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել՝ Արցախի վերաբերյալ: Դա, իհարկե, չխանգարեց, որ նա Պրահայում հայտարարի, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Բայց հիմա ումի՞ց, ո՞ր արցախցուց է մանդատ ստացել, որ շրթունքի մի երկու շարժումով փակում է Արցախի հայության՝ բազմահազարամյա բնօրրան վերադառնալու իրավունքի հարցը: Ոչ մեկից: Փաշինյանն իրավասու չԷ նման որոշումներ կայացնելու կամ Արցախի հայության անբեկանելի իրավունքը սակարկման առարկա դարձնելու:
Ըստ որում, նկատենք, Հայաստանի փաշինյանական իշխանությունների կողմից Արցախի հայության ու ԱՀ պահպանված ինստիտուտների դեմ այս ռեպրեսիաների, ձերբակալությունների, ճնշումների, խուզարկությունների պայմաններում մի «գեղեցիկ օր» կարող է ստացվել այնպես, որ արցախցիները մեկ այլ երկրում վտարանդի իշխանություն ձևավորեն: Ու դա համազգային խայտառակություն կլինի. Հայոց պետության գոյության պարագայում հայության մի հատվածի շահերը պաշտպանող վտարանդի կառավարությունը, փաստորեն, հայկական հողի վրա տեղ չի ունենա, այլ կգործի օտար երկրում:
Դեռ այդ խայտառակ կետին չենք հասել, բայց ընթացքը, ցավոք, այդ ուղղությամբ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում