«Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով եղել է Բեռլինում: Այցը արդյունավետ էր, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո ստորագրվել է Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր, գրում է iz.ru–ն: ՀՀ ղեկավարն արդեն իսկ այդ այցը որակել է որպես «իսկապես պատմական»: Ֆրիդրիխ Մերցը հաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին և ընդգծել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման համար։ Ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի համաձայն Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանին լայն շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է կանոնավոր խորհրդակցություններ, էներգետիկ համագործակցության զարգացում, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության շուրջ երկխոսության աջակցություն և երկկողմ առևտրի ընդլայնում։ Փաստաթուղթը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, վերջին բաժնում նշվում է, որ նախաձեռնությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և ազգային օրենսդրության պահպանումից։ Ըստ էության, համաձայնագրերի իրականացումը մնում է կողմերի միջև բարի կամքի հարց։
Երևանը նախկինում նմանատիպ փաստաթղթեր էր ստորագրել նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Յուրաքանչյուրը խոստացել է Հայաստանին էներգետիկ անկախություն Մոսկվայից: Վաշինգտոնը մտադիր է քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան, Բեռլինը նախատեսում է զարգացնել վերականգնվող էներգիան, իսկ Բրյուսելը նախատեսում է ներդնել 500 միլիոն եվրո երկրի էներգետիկ ոլորտում։
Ինչպես iz.ru-ին տված հարցազրույցում նշել է AMarkets-ի առաջատար վերլուծաբան Իգոր Ռաստորգուևը, Հայաստանը տարիներ շարունակ հավասարակշռություն է պահպանել ռուսական և արևմտյան ուղեծրերի միջև: Այնուամենայնիվ, եթե նայենք թվերին, ապա այս հայտարարությունները ավելի շատ թվում են խորհրդանշական ժեստեր, քան իրական դիվերսիֆիկացիայի ենթակառուցվածք: «Այսօր Հայաստանը իր գազի մինչև 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար գնով: Սա ռուսական արտահանման ամենացածր սակագներից մեկն է»,– ասել է նա: Մասնագետի խոսքով գերմանական KfW-ն իսկապես արդեն ավելի քան 136 միլիոն եվրո է ներդրել արևային էլեկտրակայաններում՝ հզորությունները մեծացնելով մոտ 120 ՄՎտ-ով: Սակայն նման լուծումները կարող են միայն մասամբ բավարարել երկրի պահանջարկը. ջեռուցումն ու արդյունաբերությունը շարունակում են կախված լինել գազից։ Ինչ վերաբերում է բնական գազին, ապա Երևանը այստեղ ևս փորձում է դիվերսիֆիկացման։ Մասնավորապես, բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ SWAP սխեմայի շրջանակներում Իրանի միջոցով 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու համար։ Սակայն կան սահմանափակումներ։ «Նախ, այդ ծավալները կծածկեն ներկայիս ներմուծման միայն մեկ քառորդը։ Ավելին, անհրաժեշտ է Թեհրանի համաձայնությունը և նոր պայմանագրեր, և պարզ չէ, թե ի՞նչ գնով։ Հայաստանը չունի Ռուսաստանը շրջանցող ֆիզիկական այլընտրանքային գազատար, և նման բան չի էլ նախատեսվում նաև մոտ ապագայում», - նշել է փորձագետը։
Ըստ էության, Բեռլինը և Բրյուսելը կարող են օգնել էլեկտրաէներգիայի և արդիականացման համար դրամաշնորհների տրամադրման հարցում, բայց նրանք անկարող են փոխարինել տարածաշրջանի հիմնական գազային ենթակառուցվածքը, բացատրել է Իգոր Ռաստորգուևը։ «Սա ոչ թե քաղաքական կամքի, այլ տարրական ֆիզիկայի հարց է. գազը տեղափոխող խողովակաշարերը պատկանում են Ռուսաստանին, այլընտրանքային ուղիներ չկան, իսկ նորերի կառուցումը կպահանջի միլիարդներ և տարիներ։ Չնայած Երևանի «էներգետիկ անկախության» ցանկությանը, Մոսկվան դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական խաղացող»,– ասել է նա։
Քաղաքագետ Քամրան Հասանովն էլ iz.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նման հռչակագրերի ստորագրումն իսկապես մերձեցնում է երկրներին և ընդլայնում համատեղ գործունեության շրջանակները։ «Այնուամենայնիվ, արժե ընդգծել, որ ռազմավարական գործընկերությունն ինքնին չի նշանակում ԵՄ անդամակցության արագացված ուղի։ ԵՄ անդամակցության գործընթացն առանձին է, բարդ և բազմափուլ», - բացատրել է նա։
Միևնույն ժամանակ, Հումանիտար և հասարակական գիտությունների պետական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը ընդգծում է, որ ընդունված հռչակագրերը բացարձակապես կապված չեն Հայաստանի եվրոպական ինտեգրման լիարժեք գործընթացի հետ։ «Փաշինյանի թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, և Գերմանիայի և Եվրոպայի հետ մերձեցումը նրա ընտրարշավի կարևոր տարր է։ Հայաստանի ներկայիս կառավարությունը նաև կձգտի իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը, որոնք, ըստ երևույթին, արդեն տվել են այն, այլև ԵՄ-ի, Չինաստանի և այլ այն երկրների մասնակցությունը, որոնք կշահեն դրանից», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով ԵՄ–ն ցանկանում է Չինաստանի հետ առևտուր անել Հայաստանի միջոցով, քանի որ ձգտում է Ռուսաստանին բացառել համաշխարհային առևտրից։ Պատահական չէ, որ ԵՄ ներկայացուցիչները շեշտել են իրենց ցանկությունը մեծացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից ի հաշիվ Թուրքիայի, ինչպես նաև պաշտպանել հայկական տեղեկատվական տարածքը հետևելով Մոլդովայի օրինակին։ «Սակայն, Մոլդովան առնվազն ԵՄ անդամակցության թեկնածու է և սահմանակից է Ռումինիային, իսկ Հայաստանը բոլոր առումներով շատ հեռու է ԵՄ–ից և անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ։ Այսպիսով, նման քաղաքականությունը կարող է շատ վտանգավոր լինել Երևանի համար», - զգուշացրել է Ավակովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am