Գուլու Մամեդլի. Ադրբեջանը 500 անգամ հետ է մնում Հայաստանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուլու Մամեդլին սոցիալական ցանցերում իր գրառման մեջ համեմատելով երկրի տեխնոլոգիական ներուժը Հայաստանի ներուժի հետ կտրուկ քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, գրում է dialogorg.ru–ն։
Ըստ Մամեդլիի NVIDIA-ն Հայաստանում արհեստական բանականության զարգացման համար ներդրել է 1.5 միլիարդ դոլար, այլ ոչ թե 500 միլիոն դոլար, ինչպես նախկինում հաղորդվել էր։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նույն ոլորտում հաջորդ տարի նախատեսված ներդրումը կազմում է ընդամենը 3 միլիոն դոլար, ինչը, նրա կարծիքով, ապացուցում է, որ «Ադրբեջանը 500 անգամ հետ է մնում Հայաստանից»։
Մամեդլին վստահ է, որ նույնիսկ այս 3 միլիոն դոլարը լիովին չի ծախսվի, քանի որ «բոլորը գիտեն, որ այդ գումարի կեսը կվատնվի»։ Նա նաև նշել է մի հակասություն. Ադրբեջանը դիրքավորվում է որպես տարածաշրջանի առաջատար երկիր և, իբր, ունի մոտ 80 միլիարդ դոլարի ռազմավարական արտարժույթի պահուստներ, սակայն հատկացնում է ընդամենը մի քանի միլիոն այն ոլորտին, որը կորոշի ապագա համաշխարհային տեխնոլոգիական մրցակցությունը, ընդ որում այդ գումարը «500 անգամ փոքր է Հայաստանից»։
Մամեդլին օրինակ է բերել Մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման ծառայության նախկին ղեկավար Զաքիր Սուլթանովի դեմ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է 5.3 միլիոն մանաթի կոռուպցիայի մեջ: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նույնիսկ միջին մակարդակի պաշտոնյաների կողմից յուրացված գումարները գերազանցում են Ադրբեջանի համեմատած Հայաստանի հետ «500 անգամ փոքր ներդրումները»։
Ընդդիմության առաջնորդը նշել է, որ կոռուպցիայի այս մակարդակի դեպքում «երկրում յուրացման մասշտաբները հասնում են հարյուրավոր միլիարդների»։ Մամեդլին պատմական զուգահեռ է անցկացրել հիշեցնելով, որ ժամանակակից աշխարհակարգում Ռուսաստանը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթեց Գերմանիային, այժմ պարտվող կողմն է «բոլոր ոլորտներում»։ Նրա կանխատեսմամբ «հաշվի առնելով, որ ներկայիս ադրբեջանական կառավարությունը խորհրդային մտածողության շարունակությունն է, իսկ ներկայիս հայկական կառավարությունը հավատարիմ է արևմտամետ ուղուն, Ադրբեջանում նույն պատմական իրավիճակը կտիրի»։
Եզրափակելով Մամեդլին պնդել է, որ մինչև Ադրբեջանը չկարողանա հաղթահարել այս «անողոք օկուպացիան»՝ կոռուպցիան, երկիրը կբախվի «էլ ավելի լուրջ աղետների»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am