ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայությամբ՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ի նիստում՝ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Նախարարը նշել է, որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի  համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկերով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա: Զեկուցողի խոսքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայամանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված ու շարունակական աշխատանքերի շնորհիվ, այն է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդնումը եւ այլն:

Նախարարը տեղեկացրել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով: Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի:

Նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նախատեսված բարեփոխումը պահանջված է եւ հաջորդում է այն բոլոր բարեփոխումների փաթեթին, որն այս տարիների ընթացքում իրականացվում է: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ հավելելով, որ բարեփոխումը կտա դրական լիցք, հույս, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի ավելի արագ տեմպերով կյանքի կոչել բանակի մարտունակության ծրագրերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին: Առաջարկվել է օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular