ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առավել տարածված խոտաբույսերն ու պտուղները և նրանց օգտակար հատկությունները

ՖՈՏՈ

Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: 

Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:

Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:

ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.

Ազնվամորի (անտառամորի, մոռենի)
. վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Բռնչի սովորական. վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են  C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:

Դժնիկ լուծողական (բեկտենի). թուփ է կամ փոքր ծառ, աճում է բաց տարածություններում, լեռնային կիրճերում: Պտուղների թուրմն ու եփուկն օգտագործվում են քրոնիկական փորկապությունների ժամանակ:

Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:

Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:

Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:

Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:

Լոշտակ սպիտակ (մարդախոտ). բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական հատկություններ:

Լորենի սրտաձև կամ մանրատերեվ. տերևաթափ ծառ է: Աճում է սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, հաճարի ծառերի հետ: Օգտագործում են ամբողջական ծաղկաբույլերը, որոնց տաք թուրմը կիրառվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության ժամանակ, իսկ եփուկը՝ մանրէասպան հատկության շնորհիվ՝ բերանի և կոկորդի ողողումների համար:

Խավրծիլ. մշակովի բույս է: Արմատներից ստացվող պատրաստուկների մեծ չափաքանակներն ունեն լուծողական, փոքրը՝ ախորժակը գրգռող հատկություն:

Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

Կատվախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, ալպյան մարգագետիններում: Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն:

Կյանքի արմատ (ժենշեն). վայրի և մշակովի բույս է: Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց:

Հազարատերեվուկ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:

Հալվե ծառանման. վայրի և մշակովի բույս է: Աճեցվում է սենյակային պայմաններում: Տերևների հյութը պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, վիտամիններ և կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների, մաշկի որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Հյութն օգտագործվում է նաև քրոնիկական փորկապության, իսկ տերևների մզվածքը՝ խոցային հիվանդության և աչքի հիվանդությունների ժամանակ:

Մանանեխ. վայրի խոտաբույս է:  Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար:

Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:

Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Սրոհունդ սովորական (արևքուրիկ). բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:

Տատրակ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Սևանի ավազանի,

Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում՝ գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր ու քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:

Տերեփուկ կապույտ. միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:

Տուղտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Օճառախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:

Օշինդր դառը. բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիների ցանքերում, այգիներում, ճամփեզրերին. հիմնականում մոլախոտ է: Վերգետնյա մասերը պարունակում են եթերայուղ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, օրգանական թթուներ: Բուժիչ նշանակություն ունեն տերևները և ծաղկազամբյուղները, որոնցից ստացվող թուրմը, մզվածքը և պատրաստուկները կարգավորում են մարսողությունը, լավացնում ախորժակը: Օգտագործվում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ: 

Ուրց. ուրցը շրթնածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է ուրցի մոտ 150 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտիներում, իսկ ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ նոսրածաղիկ, անդրկովկասյան, բլրակային, Կոչիի, Ֆեդչենկոյի: Տարածված է գրեթե բոլոր մարզերում՝ չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլուր:
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ, հիմքում՝ փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներ): Դեղաբույս է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ. օգտագործում են որպես հակաճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների, լիկյորի, օղու արտադրության մեջ, ինչպես նաև՝ որպես թեյ:

Ալոճենի. շատ փոքրիկ թռչունները հաճախ իրենց բույնը հյուսում են ալոճենու ճյուղերին, քանի որ ալոճենին փշերով պաշտպանում և պատսպարում է իր ճյուղերի մեջ թշնամիներից թաքնըվողներին. փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ ճյուղերի միջով, և եթե ավելի խոշորամարմին կամ դանդաղաշարժ մեկը (կատու, ագռավ կամ բու) ցանկանա ավերել բները, փշերը կպատժեն նրան:

Ալոճենին (սզնի) վարդազգիների ընտանիքի փշոտ թուփ կամ ծառ է: Տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում աճում է ալոճենու 10 տեսակ. առավել հաճախ հանդիպում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրու տարածաշրջաններում: 

Ալոճենին ունի մանր, հյութալի, կարմիր կամ սև պտուղներ, որոնք սննդի մեջ օգտագործվում են թարմ և չորացրած: Ծաղիկներն ունեն տհաճ հոտ: Որոշ տեսակների պտուղների և ծաղիկների թուրմից պատրաստում են սրտամկանը տոնուսավորող, արյան ճնշումն իջեցնող և նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, իսկ կեղևից ստացվում են աղաղանյութեր և կարմրադարչնագույն ներկ: Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատերի համար:

Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան առարկաներ պատրաստելու համար:

Ալոճենին նաև մեղրատու բույս է:

Պոնտական ալոճենին հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում՝ կաղնու և գիհու նոսրանտառներում: 

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Չիչխան. չիչխանը (ձիափշատ, փշարմավ) փշատազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված գլխավորապես Եվրասիայի բարեխառն գոտում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ դժնիկանման չիչխանը: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլուր: Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում, գետափերին և այլ խոնավ վայրերում՝ (մինչև 2100 մ բարձրություններում): 
Ցողունի բարձրությունը մինչև 10 մ է: Ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն: Տերևներրը մանր են, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը հյութալի, նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է: Պտուղները պարունակում են C, E, P, K, B1, B2, B6 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), թթուներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ և այլն, տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնիդներ և այլն: 
Պտուղներից ստացվում է չափազանց արժեքավոր յուղ, որն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի և այլ հիվանդությունների բուժման համար: Տերևներից պատրաստված թուրմը նույնպես օժտված է բուժիչ հատկություններով: Երիտասարդ ճյուղերից ու տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ:
Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված:
Չիչխանն անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է: Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատների համար: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտաչորադիմացկուն է: Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ: Բնափայտն ամուր է, լավ հղկվող. պատրաստում են մանր կիրառական առարկաներ: Գեղազարդիչ է և մեղրատու:

Դդում.  դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի
բույսերի ցեղ է: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային:
Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն: Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա): Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն:

 

Աղբյուր՝ http://encyclopedia.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular