ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայ իրականության միջազգային հնչեղության նշան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ միջազգային հետաքրքրություն է առաջացրել՝ առաջին անգամ լայնորեն ներկայացնելով Հայաստանն այն դիտանկյունից, որը երկար ժամանակ դուրս էր Արևմուտքի ուշադրությունից։ Հարցազրույցում հնչած թեմաներից առավել մեծ արձագանք է ունեցել Հայաստանում զանգվածային ձերբակալությունների, քաղաքական հետապնդումների և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականության անդրադարձը։

Ամերիկյան լրատվական շրջանակներում զարմանքով է ընդունվել այն փաստը, որ ժողովրդավարական կարգեր հայտարարած երկրի վարչապետը կալանավորում է ազգային բարերարի՝ Եկեղեցին պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ըստ Նարեկ Կարապետյանի, բացարձակապես քաղաքական և գաղափարական հիմք ունի․ այն ուղղված է ոչ թե հանցագործության կանխարգելման, այլ ազգային ինքնության և հոգևոր արժեքների դեմ մղվող լայն հակաշարժի տրամաբանությանը։ Միացյալ Նահանգները և մի շարք միջազգային կառույցներ ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ՝ ինչու է երկիրը, որն իրեն հռչակել է ժողովրդավարական ու եվրոպական ուղու հետևորդ, իրականում վերածվել քաղաքական հաշվեհարդարի և վախի մթնոլորտի տարածման տարածքի։

Հարցազրույցից հետո իշխանական քարոզչամեքենան անմիջապես փորձեց նսեմացնել դրա նշանակությունը՝ տարածելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե հարցազրույցը վճարված է եղել։ Այդ պնդումները, սակայն, մերկապարանոց էին․ «Մեր Ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հրապարակավ հերքեց դրանք՝ հայտարարելով, որ հարցազրույցի համար ոչ մի դրամ չի վճարվել, և այն կազմակերպվել է բացառապես լրագրողական և հանրային հետաքրքրությունից ելնելով։ Նա նաև ընդգծեց՝ եթե իշխանությունները ցանկանում են խոսել վճարված հարցազրույցների մասին, ապա նախ պետք է բացահայտեն, թե պետական բյուջեից վերջին յոթ տարիներին որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի արտաքին քարոզչական նյութերի և հարցազրույցների կազմակերպման վրա՝ տարբեր արևմտյան հրատարակություններում։

Թաքեր Կարլսոնը, հիշեցնենք, ժամանակակից ամերիկյան մեդիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է՝ հայտնի իր անկաշկանդ հարցազրույցներով և աշխարհաքաղաքական իրադարձությունների խորքային վերլուծությամբ։ Նրա զրուցակիցների թվում եղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը և այլ քաղաքական առաջնորդներ։ Այս համատեքստում Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ոչ միայն ընդգծում է «Մեր Ձևով» շարժման հասած ազդեցությունը և գաղափարական կշիռը, այլև վկայում է, որ հայաստանյան իրականության հանդեպ միջազգային հետաքրքրությունը սկսել է նոր որակ ստանալ՝ դուրս գալով տեղական քարոզչական սահմաններից և բարձրանալով համաշխարհային մեդիա ֊ մակարդակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular