Փաշինյանը խուճապի մեջ է նոր կուսակցության ստեղծումից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Նիկոլ Փաշինյանը երեկ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագի էր մասնակցում, Երևանում շատ ավելի կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և չի լուսաբանվել։ Այդուհանդերձ, թերթի ստացած բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ, չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող պատարագին։
Սամվել Կարապետյանը դեռ իր կալանավորումից օրեր անց հայտնել էր նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Ամիսներ առաջ էլ ստեղծված «Մեր ձևով» շարժումը ներկայանում էր որպես ապաքաղաքական ժողովրդական շարժում, որի նպատակը հանրությանը համախմբելն էր։ Այժմ արդեն ստեղծվող նոր կուսակցությունը բավականին լուրջ հայտ է ներկայացնելու՝ հաշվի առնելով թե՛ Սամվել Կարապետյանի ռեսուրսներն ու հեղինակությունը, և թե՛ կարճ ժամանակում «Մեր ձևով» շարժման արձանագրած բավականին բարձր ցուցանիշներն ու կատարած աշխատանքը։
Զուր չէ, որ Փաշինյանը հենց առաջին հերթին վախենում է Սամվել Կարապետյանից ու նրա քաղաքական թիմից՝ հասկանալով, որ այդ ուժը ի զորու է աթոռից հեռացնելու իրեն և պատասխանատվության ենթարկելու։ Բուն կուսակցության անվանումը, ինչպես նաև ծրագրերն առայժմ հայտնի չեն, սակայն դա ընդամենը կարճ ժամանակի հարց է, և օրեր անց արդեն հայտնի կդառնա, թե ինչ կուսակցություն է լինելու Սամվել Կարապետյանի ստեղծածը։ Այն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ բավականին լուրջ խուճապի է մատնել գործող իշխանություններին, որոնք հրաշալի հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց համար Սամվել Կարապետյանի նման ակտիվացումը։
Մանե Գրիգորյան