Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ. պատմության այս օրը (31 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ-ում և անգլերենախոս այլ երկրներում՝ Հելոուին, Ռուսաստան՝ Սուրդոթարգմանիչի և բանտերի աշխատողների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1817 - վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին։
1874 - ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը։
1875 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը։
1895 - երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ։
1898 - ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը։
1929 - ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը։
1931 - սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը։
1958 - բացվել է Ավետիք Իսահակյանի՝ Վարպետի տուն-թանգարանը։
1978 - վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը։
1986 - ծնվել է ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։
2006 - Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հայազգի անդամ Յուրի Ջորկաևը, որի New York Red Bulls թիմը պարտվելով դուրս էր մնացել ԱՄՆ-ում անցկացվող MLS առաջնությունից, թողել է ֆուտբոլը։
2008 - վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
2011 - Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու։
2018 - նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։
2019 - հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, 5-ի սահմանում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ և հոշոտել 3 կարմրավիզ կենգուրու։
2020 - Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ։
2022 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
475 - Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել։
1517 - Մարտին Լյութերը իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և սկիզբ դրել ռեֆորմացիային։
1589 - գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը, նրան անվանում էին «Բեդբուրգյան սատանա»։
1632 - ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը։
1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը։
1887 - ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին։
1892 - Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։
1892 - ծնվել է ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։
1895 - ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը։
1905 - ստեղծվել է Մարկովյան Հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկովյան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի)։
1922 - ծնվել է ռուս սովետական դերասան Անատոլի Պապանովը։
1922 - Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով։ Պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը և սկսվել է ֆաշիստական իշխանությունը։
1941 - ԱՄՆ-ում տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվել է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը։
1943 - Կարմիր բանակի սպառազինության մեջ է պաշտոնապես ընդունվել ԻՍ-2 ծանր տանկը (ԻՍ՝ «Իոսիֆ Ստալին»)։
1956 - Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսել են Եգիպտոսի ռմբահարումը՝ ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը։
1961 - Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ։
1974 - վախճանվել է վրացի սովետական կինոյի և թատրոնի ռեժիսոր Միխեիլ Ճիաուրելին։
1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են նրա երկու սիքհ հավատքի թիկնապահները։
1993 - վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինին («Ամարկորդ», «8½», «Ճանապարհ»)։
1999 - EgyptAir ընկերության SU-GAP օդանավը ընկել է Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձիք։
2000 - կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը։
2007 - պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է, իսկ ավելի քան 50-ը ստացել վնասվածքներ։
2011 - աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ։ Այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է «Յոթ միլիարդի օր»։
2015 - Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձիք զոհվել են։
2018 - Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան։
2020 - վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ’Քոններին։
Կ. Խաչիկյան