ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ոչնչացնում է Հայ Առաքելական եկեղեցին, և կրկին կրկնում ուկրաինական սցենարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները գործողություն են իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ այն լուծարելու և Հռոմին հավատարմության երդում տված կառույցով փոխարինելու համար, գրում է newskiev.ru-ն։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում քրեական գործ հարուցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։ Պարզ ասած՝ նրան մեղադրում են այլ հոգևորականների և հոտի մասնակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Վերջնական նպատակը՝ Եկեղեցու ղեկավարին օրենքից դուրս պահելն է։

Նմանատիպ գործով հարցաքննության է կանչվել նաև արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը։ Վերջերս ձերբակալվել են Արագածոտնի թեմի 13 հոգևորականներ, ինչպես նաև եպիսկոպոս Մկրտիչը։ Նույն օրերին քննչական կոմիտեի աշխատակիցներին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով դատարանում պաշտպանել էր Եկեղեցուն։

Ավելի վաղ երկու արքեպիսկոպոս էին ձերբակալվել՝ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով։ Տասնյակ հոգևորականներ ներկայումս բանտում են, և շատերը հարցաքննվում են քննվող գործերի կապակցությամբ, ինչը վկայում է կառավարության կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված իրական պատերազմի մասին։

Հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ այս բոլոր գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցուն աստիճանական ոչնչացմամբ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կցորդի վերածելու ավելի լայն ծրագրի մի մասն են կազմում։
Նրա խոսքով՝ գործընթացն արդեն ընթացքի մեջ է.

«Իմ տեղեկություններով՝ դա անելու պարտավորությունը ստանձնել էր նախորդ կառավարությունը, մասնավորապես վերջին նախագահի եղբորորդին, ով դեսպան էր Վատիկանում։ Հետևաբար Փաշինյանը իրականացնում է այն ծրագրերը, որոնք նախորդ իշխանությունները վախենում էին իրականացնել։ Նա, ըստ էության, տեխնիկական կատարող է, ընդ որում՝ Արևմուտքի հետ մերձեցման ուղղությունն արդեն իսկ սահմանվել էր նախորդ կառավարությունների կողմից»։

Գրիգորյանը հավելել է, որ վարչապետի՝ պետության կողմից եկեղեցիները խլելու սպառնալիքով ելույթը խորհրդարանում պատահական չէ.

«Եկեղեցու գույքի բռնագրավումը և այս բոլոր բռնաճնշումները նույն սցենարի շարունակությունն են, որը մշակված է Եկեղեցուն անհույս վիճակի մեջ գցելու, նրա առաջնորդին փոխարինելու և իշխանությանը հարմար հոգևորականներ նշանակելու համար։ Հենց նրանք են, որ հաջորդ փուլում լռելյայն “կորոշեն”, թե անհրաժեշտ է լինել Հռոմի կաթոլիկ եկեղեցու մաս։ Միևնույն ժամանակ արդեն գոյություն ունեցող կաթոլիկ թևը կուժեղանա, քանի որ հանրապետությունում գործում է նաև Հայ կաթոլիկ եկեղեցին»։

Ըստ աղբյուրների՝ անվտանգության ուժերի համատեղ ճնշման միջոցով ծրագիրն իրականացվելու է մոտ ապագայում։ Սպասվում է Էջմիածնի վրա հարձակում և գրոհ։ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, իր թիմին տվել է հնարավորինս կարճ ժամկետ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար՝ այն ժամանակացույցով համընկեցնելով կաթողիկոսի ընտրության հաջորդ տարեդարձի հետ։

Արդյո՞ք կհաջողվի իշխող վերնախավին իրականացնել իր ծրագիրը։ Դա կախված կլինի հոտի և քաղաքացիների դիմադրությունից, ինչպես նաև հենց հոգևորականների անսասանությունից։
Գրիգոր Գրիգորյանն ընդգծել է.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերի ընթացքում տեսել է Փաշինյանի նման շատերին։ Չգիտեմ մյուսների մասով, բայց ես պատրաստ եմ մեռնել իմ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար։ Թող փորձեն՝ և կտեսնենք, թե ով կհաղթի»։


Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular