ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցուն հայտարարված պատերազմի հետևում կա՞ն արտաքին ազդեցություններ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru–ն «Հոգևոր պատերազմ Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, մեղադրելով և սպառնալով Հայ առաքելական եկեղեցուն՝ գերազանցում են իրենց լիազորությունները: Նա նաև ընդգծել է, որ երկրի ժողովուրդը խոր հարգանք է տածում այդ հաստատության նկատմամբ և երբեք Նիկոլ Փաշինյանին չի պատվիրակել իրականացնել կամայական փոփոխություններ Եկեղեցու կառուցվածքում: Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետը, նշելով որոշ եկեղեցիներում «հոգևոր գործունեության» բացակայությունը, սպառնացել էր Հայ առաքելական եկեղեցուց բռնագրավել պետական սեփականության եկեղեցական շենքերը, որոնք անվճար նվիրաբերվել են Եկեղեցուն: Որպես օրինակ նա նշել էր Հովհաննավանքը, որտեղ ծառայել էր քահանա Արամ Ասատրյանը, անձ, որը կարգալույծ է արվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից լուրջ չարաշահումների և Եկեղեցու հեղինակությանը վնաս հասցնելու համար:

Բալաշովը նշել է, որ Փաշինյանը նաև կասկածի տակ է դրել Գարեգին Բ-ի՝ որպես հոգևոր առաջնորդի կարգավիճակը և ուղղակիորեն մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին ՊԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ: Քահանայի խոսքով, նման քայլերը, այդ թվում՝ հոգևորականների հետապնդումները, ձերբակալությունները և գույքի բռնագրավման սպառնալիքները, ստեղծում են ազգային հոգևոր արժեքների վրա նպատակային հարձակման տպավորություն, և դրա հետևում կարող են լինել արտաքին ազդեցություններ, քանի որ նման նախաձեռնությունները հակասում են հայ հասարակության տրամադրություններին:

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է նաև իրավական նորմերը. ըստ Հայաստանի Սահմանադրության, կրոնական կազմակերպությունները ինքնավար և անջատ են կառավարությունից, և քաղաքական միջամտությունը նրանց ներքին գործերին անընդունելի է: Վարչապետը, որպես աշխարհիկ կառավարության ներկայացուցիչ, իրավունք չունի թելադրել եկեղեցական կյանքի կանոններ: Նման հայտարարություններն ու սպառնալիքները, նրա խոսքով, խախտում են սահմանադրական շրջանակները, այդ թվում՝ կրոնի ազատության մասով:

Եզրափակելով՝ Բալաշովը մեջբերել է պատմական փորձը. հավատքն ու Եկեղեցին խաթարելու փորձերը միշտ ձախողվել են, իսկ դրանք նախաձեռնողների ճակատին թողել են խարան: Պետությունը պարտավոր է հարգել Հայ առաքելական եկեղեցու դերը՝ որպես ազգային հենասյուն հայ ժողովրդի մշակույթի և ինքնության պահպանման գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular