Ինչո՞ւ են բեռնատարների վարորդները փակել Վրաստանի հետ սահմանային անցակետեր տանող ճանապարհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMediaHub-ին ահազանգում են բեռնատարների վարորդները, որ Վրաստանի հետ սահմանին գտնվող անցակետերում լարված իրավիճակ է: Նշենք, որ վարորդները բողոքում են, որ Ռուսաստանի տարածքում այսուհետ միայն 90 օր մնալու ժամկետը լրանալու պատճառով իրենց արտաքսում են երկրից, և իրենք պահանջում են ՀՀ իշխանություններից որևէ լուծում գտնել, որպեսզի իրենք կարողանան նախկինի պես տարվա ընթացքում 180 օր գտնվել ՌԴ-ում:
«Սահմանին լարված իրավիճակ է, ոստիկանության հետ ընդհարումներ են սպասվում: Մեր բիզնեսները տուժում են, վարորդ չկա, եթե մինչև հունվար չկարողանանք մեկնել ՌԴ, ապա վարկերը ո՞նց փակենք, ո՞նց վճարենք, 300.000 ամեն ամիս ո՞նց վճարենք: Հասկանում եք, մեր բիզնեսը տուժում է, եթե բոլորի բիզնեսը տուժի, ապա ապրանքները կթանկանան, հացը, ամեն ինչը կթանկանա: Մեր պահանջն է, որ 180 օր կարողանանք գտնվել Ռուսաստանում, որ մեր բիզնեսը չտուժի»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը:
ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ անցակետները, ճանապարհները անցանելի են:
«Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու հետ կապված։ Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,- մեզ հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Մարիաննա Արամյան