«Քաղաքագետ Դանիելյան. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն անվանում են «քաղաքացիական սառը պատերազմ»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը rt.com-ի հետ զրույցում ասել է, որ ոմանք արդեն իսկ սկսել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները անվանել «քաղաքացիական սառը պատերազմ»։ Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր հավանական մրցակիցներին, և այդ պատճառով էլ երկրում սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Դանիելյանը ենթադրել է, որ ՀՀ վարչապետին անհրաժեշտ է երկրում վախի մթնոլորտ ստեղծել։ «Այս ամենը կավարտվի հաջորդ տարվա հունիսին, երբ մենք իմանանք ընտրությունների արդյունքները։ Եթե Փաշինյանը հաղթի ուժով և խարդախությամբ, իսկ նա այլ կերպ չի կարող դա անել, ապա ես չեմ բացառում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը», - փորձագետի խոսքերն է մեջբերել RT-ի Telegram ալիքը։
Քաղաքագետը նաև հավելել է, որ երկրում հասարակական կարծիքը բևեռացված է և բաղկացած է մի քանի հատվածներից։ «Հասարակության զգալի մասը ատում է Փաշինյանին, իսկ ներկայիս կառավարության կողմնակիցների հիմնական դրդապատճառը նախորդ իշխող ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը կանխելն է։ Երրորդ հատվածը հանդես է գալիս այս երկու խմբերից ոչ մեկի հետ կապ չունեցող նոր քաղաքական ուժի ի հայտ գալու պահանջով», - նշել է Դանիելյանը։
Ավելի վաղ Երևանում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաք։ Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Մասնակիցները Ազատության հրապարակից մինչև Ազգային անվտանգության ծառայության շենք են քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան