ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության ուշագրավ մարտավարությունը․ առաջարկ Թրամփին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ներածական խոսքում, ըստ էության, ուղղակի առաջարկ արեց Միացյալ Նահանգներին, անգամ ուղիղ նախագահ Դոնալդ Թրամփին, երկարացնել «Թրամփի ուղին», այդ թվում նաև Ադրբեջանի տարածքով։ Շատերի համար այս առաջարկն անսպասելի էր, որ երկրորդ նախագահը չասաց, թե գան իշխանության՝ միանգամից քարուքանդ են անելու այն, ինչ ստեղծվել է։ Նա նշեց, որ այն, ինչ կարող է օգուտ բերել Հայաստանին, շարունակելու են և ավելի ընդլայնելու։ Այս մեսիջը բացառապես ուղղված էր Միացյալ Նահանգների նախագահին՝ ցույց տալու, որ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, ապա իրենց հետ հնարավոր է պայմանավորվել, և այնպես չէ, որ իշխանության կեղտոտ քարոզչությունը, թե երկրորդ նախագահը կամ այլ ուժեր գալիս են Հայաստանը «գուբեռնիա» դարձնելու, իրականություն է։

Այս հայտարարությունից հետո Քոչարյանի թիմը կոնկրետ քայլերի է դիմել։ Նրանք պլանավորում են հանդիպումներ ունենալ Միացյալ Նահանգների դեսպանի, դեսպանատան համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ և առաջին ձեռքով իրենց փաստաթղթերը ներկայացնել ամերիկացիներին։ Քոչարյանի ասածը զուտ հայտարարություններով չի սահմանափակվում, այլ նաև դիվանագիտական խողովակներով փորձում են ազդակներ ուղարկել ամերիկացիներին, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արևմտյան վեկտորի փոփոխություն չի լինելու, այլ՝ ընդհակառակը, ընդդիմադիրները ևս պայմանագրունակ են, և նրանց հետ կարելի է պայմանագրեր կնքել ու ինչ-որ պայմանավորվածությունների հասնել։

Փաստացի, այս կերպ ընդդիմությունը նաև առաջիկա նախընտրական սեզոնին և ընտրությունների ժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի Արևմուտքը երկակի ստանդարտներ չկիրառի, Փաշինյանի «չարաճճիությունների» վրա աչք չփակի, այլ հնարավորություն տա Հայաստանի ժողովրդին իրական և լուրջ ընտրություն կատարել։

Սաթինե Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular