ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դարոն Աճեմօղլուն էլ «նախկին» դարձավ Փաշինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհահռչակ տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն որպես փորձագետ և խորհրդատու իր մասնակցությունն է ունենալու «Մեր ձևով» շարժման տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։ Այդ մասին հայտարարվել է շարժման առաջին հաշվետու ժողովին։ Ընդ որում, այս տեղեկությունը անմիջապես ցնցել է գործող իշխանության շարքերը, և փաշինյանական քարոզչամեքենան հարձակում է սկսել աշխարհահռչակ տնտեսագետի դեմ, առավել ևս, որ իր ուղերձում Աճեմօղլուն ուղղակիորեն խոսել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես՝ հետպետականացման գործընթացի, ինչպես նաև կարևորել է գույքային իրավունքի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների համար վստահելի ու ապահով միջավայր ստեղծելու հանգամանքը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտնել էր, որ Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ տնտեսության վերականգնման և զարգացման գործում։ Սակայն գործող իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել Աճեմօղլուի հնարավորություններն ու գիտելիքները ի նպաստ Հայաստանի օգտագործելու, իսկ այժմ էլ նա փաստորեն միանում է ընդդիմադիր շարժմանը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը իր խոսքում նշել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն, իսկ գույքային իրավունքի պաշտպանությունը պետք է տնտեսության բոլոր ոլորտներում ծանրակշիռ լինի։ «Հայաստանը, անկասկած, պետք է արդար բաժին ունենա բնական պաշարների զարգացման արդյունքներից։ Սակայն դա հնարավոր է, եթե գործում է գույքային իրավունքի կանխատեսելի և հետևողական համակարգ։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է և հեշտ է շեղվել որևէ ուղղությամբ»,– նշել է տնտեսագետը մեղմորեն՝ առանց կոշտ ձևակերպումներ օգտագործելու, Հայաստանի իշխանություններին քննադատելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իրականացվող գործողությունների համար։

Սա հենց այն է, ինչից մահու չափ վախենում է Նիկոլ Փաշինյանը՝ հասկանալով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ իր գործողությունները վաղուց դուրս են եկել Հայաստանի սահմաններից և վերածվել միջազգային գնահատականի, ինչը երկարաժամկետ ներդրումների մասով լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Ուստի առաջիկայում ցեխարձակումները թե՛ Աճեմօղլուի, թե՛ «Մեր ձևով» շարժման և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ավելի են շարունակվելու։ Իշխանական քարոզչամեքենայի ֆանտազիան լավագույն դեպքում կբավարարի Աճեմօղլուին ռուսական ագենտ հռչակելու։

Գարեգին Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular