Փաշինյանին մաքրել չի հաջողվել. ինչո՞ւ կոծկեցին զեկույցը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանի իշխանությունը միտումնավոր է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ուղարկել խորհրդարանի արխիվ՝ հրաժարվելով հրապարակայնացնել այն։ Իսկ թատերական այն ներկայացումը, որ բեմադրվել էր հանձնաժողովի նախագահի և ԱԺ նախագահի կողմից, իրականում մեկ նպատակ էր հետապնդում՝ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իսկապես խնդիրներ կա հրապարակման օրինականության և ժամկետների մասով, ուստի իրենք իբր հերթական անգամ առաջնորդվում են ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան։
Իրականում խնդիրն այն է, որ որքան էլ ջանացել է հանձնաժողովը, այդպես էլ չի կարողացել հիմքեր ստեղծել Նիկոլ Փաշինյանին պատերազմի պատասխանատվությունից զերծ պահելու և պարտության ողջ մեղքը զինվորականության վրա բարդելու համար։ Այդ կապակցությամբ էլ որոշում է կայացրել, զեկույցը չհրապարակել, փոխարենը որոշ փաստեր ներկայացնել իրավապահներին՝ տարբեր զինվորականների ու Արցախի պաշտոնյաների դեմ քրեական վարույթներ հարուցելու համար։ Փորձում են հենց այդ կերպ մոլորեցնել հանրությանը։
Մինչդեռ նույնիսկ զեկույցն է փաստում Նիկոլ Փաշինյանի աքսիոմատիկ մեղավորությունը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է գաղտնի փաստաթղթերին, մանրամասն ուսումնասիրել, նշում է, որ իշխանության քաղաքական նպատակն էր մեղավոր կարգել այլոց և «հրեշտակի թևեր հագցնել ու մաքրագործել» Նիկոլ Փաշինյանին, բայց քննիչ հանձնաժողովի զեկույցում դա անել չի հաջողվել։ Ավելին, ապացուցվել է լիովին հակառակը։ Սա, վստահաբար, ապացուցում է, որ Փաշինյանը ձախողվել է, իսկ զեկույցի հրապարակման միտումնավոր երկարաձգումը 2․5 տարի, ապա և դրա կոնսերվացումը ընդամենը նպատակ ուներ՝ սպասարկելու գործող իշխանությունների հերթական կեղտոտ մտահղացումը։
Անի Հունանյան