Ընդդիմության հակասությունները աչք են ծակում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ կայացած ասուլիսը, ի թիվս այլ եզրակացությունների, հերթական անգամ ապացուցեց, որ լուրջ տարաձայնություններ կան խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև։ Պնդելով, որ Փաշինյանին չի հաջողվի հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմադիր երկու ուժի է հաջողվելու անցնել խորհրդարան։ «Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը»,- ասել է նա, հավելել, թե այս երկու ընդդիմադիր ուժերը հավակնում են միասին ավելի շատ ձայն ստանալ խորհրդարանում, քան Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
«Չեմ ուզում տոկոսների, բանի, սենց ասեմ՝ բոլոր, համենայն դեպս, սոցիոլոգիայով, մի քիչ վերև, ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր, սենց մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավելի են, քան ... մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը»,- ասել է նա։ Ըստ երկրորդ նախագահի, «իր տպավորությամբ և այն սոցիոլոգիայով, որը այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի, եթե սխալներ չգործեն»։
Երկրորդ նախագահը երկու կոնցեպտուալ սխալ է գործում։ Նախ, նա չհիմնավորված հույսեր է արթնացնում Փաշինյանի սուղ հնարավորությունների մասին, մինչդեռ պարզ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչնչի առջև կանգ չի առնելու, որպեսզի վերարտադրվի։ Իսկ դա կանխելու միակ ուղին համախմբվելն է։ Քոչարյանը նաև քաղաքական պրոցեսներից փորձում է դուրս դնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը երեկ որոշակի նյարդայնությամբ արձագանքել է իր նախորդին։
«Ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ «Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով։ Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Էմիլիա Ոսկանյան