ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլուխ գովելն» էլ պիտի մի քիչ տրամաբանական լինի.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում մի տեսանյութ է հրապարակել և հպարտությամբ նշել, որ «դեպի Դիլիջան տանող թունելի գծանշման աշխատանքներն ավարտված են»: Չէ, սա կատակ չէ, սա նախարարության հաղորդագրություն չէ, որ, ասենք, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, այդ թվում՝ այս կամ այն: Սա նախարարի գրառում է...

Ինչպիսի «տիեզերական» հաջողություն, պարզվում է՝ իշխանությունները հաջողել են գծանշումներ անել: Նույնիսկ հրապարակված տեսնյութում է երևում, որ թունելի առաստաղը մնացել է նույն խայտառակ վիճակում, նույնը՝ պատերի դեպքում: Ստացվում է՝ արել են իրենց «ֆիշկան»՝ ասֆալտապատում (դե, չենք բացառում, որ որոշ այլ գործեր էլ արած լինեն) ու, պատկերացնում եք, նաև գծանշում իրականացրել: Իրապես ահռելի աշխատանք, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի բազմաթիվ ճանապարհներ կարոտ են նույնիսկ գծանշման:

Իսկ գուցե Հայաստանի իշխանավորները մի անգամ այցելե՞ն, չենք ասում՝ եվրոպական երկրներ, գոնե հարևան Վրաստան ու տեսնեն, թե ինչ է նշանակում թունել կառուցել, թունել վերանորոգել, լուսավորել, ասֆալտապատել (բետոնապատել), գծանշել: Այդ դեպքում հազիվ թե նոր ասֆալտած ճանապարհի գծանշումը համարեն մեծագույն հաջողություն: Հասկանում ենք՝ առջևում ընտրություններ են, բայց «գլուխ գովելն» էլ պիտի մի քիչ տրամաբանական լինի...

Չնայած ի՞նչ ենք ասում. եթե մի իշխանություն տոտալ տապալել է ազգային ավիափոխադրող ձևավորելու ծրագիրը, ու այդ նույն իշխանության ղեկավարը «գլուխ է գովում», թե օտար երկրի ավիափոխադրողը (որն էլ լինի) «բազավորվում» է Հայաստանում, գծանշման նման որևէ «հաջողությունից» որևէ նախարար ինչո՞ւ չպետք է հպարտանա: Հա, ինչ վերաբերում է նույն այդ «բազավորման» գրառման մեջ նշված մտքին, թե «մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան», ապա նախ լավ կլիներ ուսումնասիրեիք, թե ինչ խայտառակ բիզնեսի է վերածվել Շենգեն գոտու վիզաների համակարգը Հայաստանում, երբ մարդիկ «ժամ վերցնել» չեն կարող անգամ, իսկ տասնյակ կազմակերպություններ «ժամ» են ծախում: Բայց դա արդեն այլ թեմա է, որին առաջիկայում լրջորեն կանդրադառնանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular