Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան դիմակայությունը նոր փուլ է անցնում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի դիմակայությունը նոր երանգներ է ստանում, պատգամավորն ԱԺ նախագահին ընդհուպ մեղադրում է իր դեմ կեղտոտ արշավ իրականացնելուն մասնակցելու մեջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում «Շիշ բռնող» մականունով հայտնի Սարգսյանն ասել է, թե ուղիղ կապ է տեսնում խաղային ոլորտում հարկերը բարձրացնելու մասին օրինագծի և Ալեն Սիմոնյանի կողմից իր նկատմամբ ներկայացված կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումի միջև։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը 2025 թ․ մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ թե այլ օր»,– ասել է նա։
Հերքելով ՔՊ հայտարարությունը, թե երկու անգամ չի ներկայացել կարգապահական վարույթի քննությանը, պատգամավորը նշել է, որ սկսած այն ժամանակից, երբ ինքն ընտրվել է ԱԺ պատգամավոր և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ էր, իր աշխատանքով խանգարել է մի շարք գործունեությունների տեսակներին, առաջնահերթ՝ խաղային ոլորտին։ «Իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, և գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում խաղային ոլորտը սպասարկող անձանց կողմից է եղել։ Ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցների բիզնեսի հետ կապ ունենալուց, կապելով իմ անունը տարբեր սպանությունների, ինքնասպանությունների հետ»,– հայտարարել է Հայկ Սարգսյանը։
«Շիշ բռնողն», ըստ ամենայնի, հնազանդվելու ցանկություն չունի, ընդհակառակը, դատելով նրա խոսքերից՝ մինչև վերջ կռիվ է տալու։ Թերևս Փաշինյանը կամ նոր «շիշ բռնող» գտնի իր համար, կամ շիշը տա ԱԺ նախագահի ձեռքը։
Մարիամ Դավթյան