ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն պատժո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 14 հարց, որից 4-ը քննարկվելու է 2-րդ ընթերցմամբ։ Խորհրդարանն ընտրելու է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնվել է օրակարգում ընդգրկել նաև ընդդիմության նախաձեռնած փոփոխությունները Քրեական օրենսգրքում, որով խստացվում են պատիժները Հայոց ցեղասպանությունը կամ միջազգայինորեն ճանաչված, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակային հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու փորձերի համար։

Ըստ ամենայնի, այս խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն լեզվակռիվ նախկին սրությամբ չենք տեսնի։ Թերևս միայն ընդդիմության նախաձեռնած հարցն է, որի շուրջ իշխանությունը որոշում ունի կողմ չքվեարկել, իսկ ամենաթեժը լինելու է Ազգային ժողովի նախագահի և Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիմակայությունը։ Նշենք, որ թեև Անդրանիկ Քոչարյանը դեռ ամռանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու է սեպտեմբերի վերջին, Ալեն Սիմոնյանը հրաժարվել է այն ընդգրկել օրակարգ՝ պատճառաբանելով, թե Անդրանիկ Քոչարյանը խախտել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները։

Ընդ որում, Քոչարյանն Ազգային ժողովում դեբոշներ սարքելուց հետո փորձել է նաև հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, սակայն, անցել է Ալեն Սիմոնյանի կողմը՝ քննադատելով Անդրանիկ Քոչարյանին։ Ըստ ամենայնի, զեկույցը կընդգրկեն, բայց ոչ այս, այլ հաջորդ քառօրյայում, իսկ մինչ այդ Անդրանիկ Քոչարյանին հենց քպականներն են բմբլելու՝ իրենց տևական ժամանակ լարվածության մեջ պահելու համար։ Հիշեցնենք, Քոչարյանը միտումնավոր ձգձգում էր զեկույցի հրապարակումը, որպեսզի կարողանար խուսափել իրեն պաշտոնանկ անելու ՔՊ ցանկությունից։ Թեև վերջինիս թվացել էր, թե կարողացել է կարգավորել հարցերը կուսակիցների հետ, ակնհայտ է, որ ՔՊ վարչության ընտրություններից հետո Անդրանիկ Քոչարյանի, ինչպես նաև մի շարք այլ պատգամավորների դիրքերը բավական թուլացել են, և նրանց նույնիսկ մտադիր չեն ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում։

Գոհար Խաչատրյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular