Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ջրի ծորակ–խառնիչ
ՖՈՏՈԻր պատմության ընթացքում մարդկությունը հորինել է տարբեր սարքեր՝ սեփական աշխատանքը հեշտացնելու և հարմարավետ կենսապայմաններ ստեղծելու համար։ Այդ սարքերից մեկն էլ ջրի ծորակ-խառնիչն է։ Այսօր այդ պարզ սարքը կա յուրաքանչյուր տանը, բայց քչերը գիտեն դրա ստեղծման պատմությունը։
Կյանքն առանց ջրի անհնար է, բայց ձեռքերը լվանալը և սառը ջրով լողանալը հարմարավետ չէ, ուստի անհիշելի ժամանակներից մարդիկ սկսել են օգտագործել հատուկ սարքեր։ Աշխարհի առաջին ջրխառնիչի գյուտի հեղինակը եղել է հին հույն մեխանիկ Հերոնը։ Նրա սարքը արտաքինից նման չէ ժամանակակից անալոգներին, բայց ֆունկցիոնալությամբ շատ չի տարբերվում։ Հերոնի խառնիչը մետաղական խողովակ էր՝ մեջտեղում անցք ունեցող, որի մեջ մտցվում էր մխոցային լծակ՝ ծայրում փոքրիկ բռնակով, որը կարգավորում էր ջրամատակարարումը։ Նման սարքը շատ տարածված էր Հին Հունաստանում, հետո նորարարությունը ընդունվեց հռոմեացիների կողմից։ Նրանք չփոխեցին ջրխառնիչի կառուցվածքը, բայց տվեցին ավելի շատ արտաքին գեղեցկություն և գեղագիտություն։ Հռոմի անկման հետ ջրխառնիչները երկար ժամանակ մոռացության մատնվեցին մինչև միջնադարի սկիզբը։ Այն ժամանակաշրջանին բնորոշ տենդերը, ժանտախտը և տարբեր համաճարակները ստիպեցին առաջնային պլան մղել տարրական հիգիենայի հարցերը։ Սակայն այն ժամանակ միայն հարուստ եվրոպացիները կարող էին իրենց թույլ տալ խառնիչներ ունենալ իրենց տներում։
Խառնիչի հետագա զարգացումը կապված է բրիտանացի գյուտարար Ջոզեֆ Բրեմի անվան հետ։ 1783 թվականը դարձավ նշանակալի տարի։ Հենց այդ ժամանակ Բրեմը նախագծեց խառնիչ, որը բաղկացած էր 3 ջրի պտուտակավոր ծորակներից։ Մեկից հոսում էր սառը ջուր, մյուսից՝ տաք, իսկ երրորդից՝ խառը ջերմաստիճանի ջուր։ Սակայն գյուտը չարմատավորվեց կառուցվածքի բարդության և մեծության պատճառով։
1920 թվականին թողարկվել է ջրխառնիչի մոդել, որը հեշտ էր տեղադրել և օգտագործել։ Գյուտի հեղինակը Ուիլյամ Թոմփսոնն էր, ով լայն հանրությանը հայտնի էր որպես լորդ Քելվին։ Նրա խառնիչն ուներ երկու փականային համակարգ և պատրաստված էր մետաղից։ Շուտով ամբողջ աշխարհում սկսվեց հենց այդ տեսակի խառնիչների զանգվածային արտադրությունը։
Բայց առաջընթացը տեղում չի կանգնում։ 1954 թվականին ամերիկահայ գործարար և բարերար Ալեք Մանուկյանը, ով գրեթե ազգային հերոս է դարձել իր հայրենիքում՝ Հայաստանում, հանրությանը ներկայացրեց մեկփականային ջրխառնիչի մոդելը։ Նրա սարքը տարածված դարձավ հասարակ մարդկանց շրջանում, սկսվեց դրանց զանգվածային արտադրությունը։
1990-ականների սկիզբը ջրխառնիչների համար նշանավորվեց գեղեցիկ դիզայնից դեպի էրգոնոմիկա և ֆունկցիոնալություն անցումով։ Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկան էլեկտրոնային ջրխառնիչները, որոնք իրենց հերթին բաժանվեցին ջերմակարգավորիչների և զգայականների։
Հաշվի առնելով ծորակ-խառնիչների անցած ամբողջ ուղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հեշտ է կռահել, որ այդ սարքերի էվոլյուցիան դեռ չի ավարտվել, և ապագայում մենք կտեսնենք գյուտարարների ու նորարարների նոր հետաքրքիր լուծումներ՝ կապված այնպիսի առօրյա մանրուքի հետ, ինչպիսին է ջրի ծորակ-խառնիչը։
Կ. Խաչիկյան