ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


YouTube-ը այլևս գովազդի արգելափակիչ օգտագործողներին մարդ չի համարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի կեսերից սկսած YouTube-ի կոնտենտի ստեղծողները բախվել են իրենց տեսանյութերի դիտումների կտրուկ նվազման հետ։ Որոշ դեպքերում անկումը հասել է սովորական ցուցանիշների կեսին։ Թեև այս երևույթի պատճառների պաշտոնական բացատրություն դեռևս չկա, ենթադրվում է, որ դիտումների անկման վրա ազդեցություն է ունեցել YouTube-ի օգտատերերի հաշվառման նոր համակարգը։ Այս մասին հայտնում է 9to5Google կայքը։

Բրիտանացի սթրիմեր և յութուբեր Ջոշ Սթայֆ Հեյեսը առաջիններից մեկն էր, ով ուշադրություն դարձրեց այս անոմալիային։ Նրա դիտարկումներով՝ օգոստոսի կեսերից համակարգիչներից կատարվող դիտումները նվազել են մոտավորապես 50%-ով, մինչդեռ հեռուստացույցներից, սմարթֆոններից և պլանշետներից դիտումների դինամիկան մնացել է նույնը։ Այս միտումը հաստատել է նաև տեխնոլոգիական TechLinked ալիքը, որը գրանցել է նմանատիպ ցուցանիշներ։

YouTube ընկերությունը անմիջականորեն չի մեկնաբանել իրավիճակը, սակայն Google-ի միջոցով հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ «գովազդի արգելափակողներ և այլ բովանդակություն սահմանափակող գործիքներ օգտագործող դիտողները կարող են ազդել դիտումների հաշվետվությունների ճշգրտության վրա»։ Պլատֆորմը նաև հավելել է, որ այն ալիքները, որոնց լսարանի մեծ մասն օգտագործում է նման ընդլայնումներ, կարող են բախվել տրաֆիկի ավելի զգալի տատանումների՝ հատկապես այդ գործիքների թարմացման ժամանակաշրջաններում։

Ավելի վաղ հնչել էին ենթադրություններ, որ դիտումների անկումը կարող է կապված լինել YouTube-ի նոր՝ արհեստական բանականության վրա հիմնված տարիքային ստուգման գործիքների հետ, սակայն ծառայությունը կտրուկ հերքել է այդ վարկածները։ Հնարավոր այլ գործոնների թվում նշվել են օգտատերերի սեզոնային վարքագծի փոփոխությունները և մրցակցության ուժեղացումը։

YouTube-ը շարունակում է պնդել, որ չկա համակարգային խնդիր, որը կազդեր դիտումների ցուցանիշների վրա։ Սակայն TechLinked-ի ներկայացուցիչները նշում են հետաքրքիր մի փաստ․ չնայած դիտումների քանակի նվազմանը՝ գովազդային եկամուտները մնացել են նույն մակարդակում։ Այս հանգամանքը, ըստ 9to5Google-ի, կարող է անուղղակիորեն վկայել այն մասին, որ համակարգիչներից կատարվող դիտումները, որտեղ ամենաշատն օգտագործվում են գովազդի արգելափակիչներ, պատշաճ կերպով չեն հաշվառվում համակարգի կողմից։ Այս իրավիճակը համահունչ է YouTube-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ արգելափակիչները կարող են ազդել վիճակագրության ճշգրտության վրա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular