«Թուրքիա-Հայաստան. նոր մոտեցում ծանրաձողին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼրագրողների տվյալներով թուրք դիվանագետները՝ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ, կժամանեն Հայաստան ցամաքային ճանապարհով և կանցնեն Ալիջան-Մարգարա անցակետով։ Եվ հենց «սահմանային հարցն» է լինելու առաջիկա բանակցությունների կիզակետում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին տեղեկատվությունը, գրում է news-front.su-ն։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» գործընթացը տևում է տարիներ և նույնիսկ տասնամյակներ։ ԽՍՀՄ փլուզումից և Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորումից հետո կարելի է հաշվել առնվազն երեք «կարգավորման» ալիք։ Անիմաստ է այստեղ և հիմա վերապատմել հաշտեցման մոտեցումների բոլոր մանրամասներն ու բարդությունները։ Նշենք միայն երրորդ «ալիքի» առանձնահատկությունները։ Այն զարգանում է տարածաշրջանային ստատուս քվոյի դրամատիկ փոփոխությունների, Անկարա-Բաքու ռազմավարական կապի ամրապնդման և Հայաստանի ներսից ու դրսից կրիտիկական թուլացման ֆոնին։ «Կարգավորման» երրորդ ալիքը սկսվել է դեռ 2021 թվականի դեկտեմբերից, և ի՞նչ... Անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցը, որը նրա գործընկերները շտապել էին որակել որպես առաջընթաց, իրականում էական փոփոխություններ չի արձանագրել։
Ինչո՞ւ է այդքան մեծ հետաքրքրությունը հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպման նկատմամբ։ Կա երկու պատճառ։ Նախ, սրանք նրանց առաջին բանակցություններն են Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո։ Շատերը շտապում են դա անվանել Կովկասում «խաղաղության դարաշրջանի» սկիզբ։ Թողնենք դա նրանց խղճին։ Անկարայի համար Երևանի հետ «կարգավորման» հիմնական նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտեցումն է։ Արդյո՞ք թուրքական կողմը կփոխի իր ալգորիթմը «կարգավորման» ճանապարհին։ Ամենայն հավանականությամբ Անկարան կհետևի «շտապիր դանդաղ» կանոնին, որպեսզի իր համար ամենամեծ օգուտը ապահովի։ Երկրորդն այն է, որ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա պատվիրակությունների մակարդակով։ Դա նշանակում է, որ զրույցն ավելի մանրակրկիտ կլինի։
Ամփոփելով՝ ասենք, որ Թուրքիան և Հայաստանը փորձում են կարգավորման գործընթացը մտցնել «Վաշինգտոնյան կոնսենսուսի» շրջանակներ։ Իզուր չէ, որ նախորդ արտահայտությունը մենք չակերտների մեջ ենք դրել։ Կովկասում ամերիկա-թուրքական գերիշխանության հաստատումից շահում են ոչ բոլոր կողմերը։ Ամեն դեպքում Անկարան գործում է ուժի դիրքերից և հարձակողական ոգով։ Նրա համար չափազանց կարևոր է, ամերիկացի բեյսբոլիստների լեզվով ասած, to touch the base՝ հիմքին դիպչելը։ Կամ ինչպես ասել է խորհրդային հայտնի կատակերգական ֆիլմի ժողովրդական ասացվածքների սիրահարը՝ «պետք է երկաթը կոփել առանց դրամարկղից հեռանալու»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը