ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության բաստիոնում» չեն հավատում, որ քաղբանտարկյալներ չկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում գործող իշխանությունները փորձել են համոզել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ «Ժողովրդավարական բաստիոնի» անվան տակ Փաշինյանն անընդհատ և ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո բռնաճնշումներ է իրականացրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ այդ ամենը համեմելով քրեական սոուսներով։ Այդուհանդերձ, հասարակությունը վստահ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ այս տարվա հարցումները փաստում են, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունն այդպես է մտածում։

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ էր անցկացրել, և այս տարի ամենաբարձր դրական պատասխանն է ստացվել․ հարցվածների 62 տոկոսը «այո» է պատասխանել «Արդյոք Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ» հարցին։ «Ոչ» պատասխանել է միայն 18 տոկոսը, իսկ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը՝ 71․5 տոկոսը, քաղբանտարկյալ է համարում բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։ Երկրորդ տեղում Բագրատ Սրբազանն է՝ 38․5 տոկոսով, 3-րդ տեղում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ 37․8 տոկոսով, իսկ Արմեն Աշոտյանը ստացել է 9․6 տոկոս։

Քաղաքացիների 64․4 տոկոսն էլ բացասական է գնահատում Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Փաստացի՝ որքան էլ գործող իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե Կարապետյանը և մյուս կալանավորվածները քրեական ինչ-որ հանցագործություններ են նախապատրաստել՝ ընդհուպ հեղաշրջման կոչեր անելով կամ հեղաշրջում նախապատրաստելով, փաստն այն է, որ հայ հասարակությունը սկսել է ողջ թափով գիտակցել, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը։ Այս առումով ակնհայտ է, որ Փաշինյանի քարոզչական նարատիվները ձախողվել են հայ հասարակության մոտ, իսկ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման զարգացումը խիստ մտահոգիչ պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար։

Էլինա Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular