ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ մանդատից հրաժարվելուց և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո իշխանությունում նոր վերադասավորումներ են սպասում։ Հիշեցնենք, որ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը տեղափոխվելու է Միացյալ Նահանգներ, որպես Հայաստանի դեսպան։ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ Լոռու մարզպետ էլ նշանակելու է պատգամավոր Արեն Մկրտչյանին։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրը» Լոռու մարզում պարզապես որևէ թեկնածու չունի, որին կկարողանա առաջարկել մարզպետի պաշտոնը և ստիպված է եղել Արեն Մկրտչյանին առաջարկել մարզպետի պաշտոնում։

«Քաղպայմանագրում» փորձում են գուշակել, թե ի՞նչ պաշտոնի կնշանակվի ներկայումս Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Վերջինս, նշենք, Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել և չափազանց սերտ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ։ Նախորդ գումարման Ազգային ժողովում էլ գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մակունցին վերադարձնել Հայաստան և նշանակել իր խորհրդական՝ առնվազն առաջիկա մի քանի ամիսների համար։

Ըստ ամենայնի, Մակունցը կլինի ՔՊ ընտրական ցուցակի առաջին եռյակում, և չի բացառվում, որ Փաշինյանը վերջինիս նախապատրաստում է Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնի համար։ Մեր աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանը ցանկանում է ազատվել կուսակցությունում ազդեցիկ դիրքեր զբաղեցրած տարբեր պաշտոնյաներից կամ էլ նրանց ավելի ցածր պաշտոնների նշանակել, իսկ բարձր պաշտոնների մի մասը ուզում է հանձնել կուսակցական կանանց։ Թեպետ Մակունցը ՔՊ վարչության անդամության թեկնածու չէ, բայց և դա չի խանգարի Փաշինյանին նրան նման բարձր պաշտոնի համար առաջարկել, հատկապես որ Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը փորձում են ներկայացնել որպես Մակունցի ջանքերի արգասիք։ Ըստ ամենայնի, իրադարձությունները հենց այդպես էլ կծավալվեն։

Մարի Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular