ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան․ պատմության այս օրը ( 21 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ֆիլիպիններ — Նինոյ Ակինոյի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 — Պասկևիչի ղեկավարած ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ։ Ռուսական բանակը անսպասելի հարձակվել է և անակնկալի բերել թուրքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։

1923 — ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։

1923 — ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պետպլանը։

1930 — ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի Քրիստիան Լեգրանը, որը Միշել Լեգրանի քույրն է։

1951 — ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

1962 — տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։

1967 — ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։

1991 — վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։

1992 — Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։

2002 — Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ։

2006 — հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է չորրորդ տեղում։

2007 — դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցում, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով։

2009 — Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

2010 — Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը։

2011 — դիմակավորված 5 անձինք պատշգամբով ներթափանցել են Կիլիկիա թաղամասում գտնվող նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի։

2014 — Կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը։

2015 — Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2017 — վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

2020 — վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Միխաիլ Բաղդասարովը։

2024 — վախճանվել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1142 — վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբելյարը։

1192 — Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։

1698 — ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Գվարներին։

1754 — ծնվել է անգլիացի գյուտարար Ուիլյամ Մերդոկը, որը առաջինն է եղել, որ փողոցների լուսավորության նպատակով օգտագործել է գազային լապտերներ։

1770 — Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։

1803 — ավստրալիական «Sydney Gazette» թերթը իր էջում առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։

1841 — ամերիկացի Ջոն Հեմպտոնը արտոնագրել է բարձրացվող ժալյուզները։

1888 — ամերիկացի Ուիլյամ Բերոուզը արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։

1902 — հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որը առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լյուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունը ընկերությունը ստացել է ի պատիվ Դետրոիտ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։

1911 — Լուվրից գողացվել է «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։

1957 — ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»-ը։

1959 — Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։

1965 — անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։

1968 — Չեխոսլովակիա է մտցվել Վարշավյան պայմանագրի երկրների զորքը։

1981 — գիտնականները առաջին անգամ բարձրաձայնել են Երկրագնդի գլոբալ տաքացման մասին։

1986 — ծնվել է աշխարհի և օլիմպիադաների բազմակի հաղթող յամայկացի թեթևատլետ Ուսեյն Բոլթը։

2004 — Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular