ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը հաջողեցրել է կորցնել իր բոլոր դաշնակիցներին». ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերը ազդելու տարածաշրջանի իրավիճակի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Բաքվի և Երևանի միջև նախաստորագրված 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի տեքստը։ Փաստաթղթի համաձայն կողմերը հրաժարվում են միմյանց դեմ ուժի կիրառումից, սահմանազատում են սահմանը առանձին համաձայնագրի հիման վրա և ստեղծում են համատեղ հանձնաժողով խաղաղության համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար։ Օգոստոսի 8-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել էին խաղաղ հարաբերությունների մասին հռչակագիր, որով Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատվածը 99 տարով փոխանցվում է ամերիկյան ընկերության։ Այդ տարանցիկ միջանցքը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։

Currenttime.tv–ն զրուցել է քաղաքագետ Ռուսլան Այսինի հետ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

– Ալիևը և Փաշինինը միաձայն գովաբանում են Թրամփին և առաջարկում նրան շնորհել Նոբելյան խաղաղության մրցանակ։ Կցանկանա՞ր արդյոք Պուտինը լինել Թրամփի տեղում։

– Պուտինը, իհարկե, կցանկանար լինել, բայց Պուտինը այդ կարգավիճակում չէ։ Ակնհայտ է, որ նրա քաղաքական կշիռը նվազել է։ Եվ դժվար է պատկերացնել, որ Պուտինը խաղարարի դերում է։ Պուտինը պատերազմի կրող է, Պուտինը պատերազմներ է բերում, ոչ թե խաղաղություն։ Իրականում Թրամփի գաղափարն այն էր, որ նա դադարեցնում է պատերազմները, այլ ոչ թե սկսում դրանք։ Իհարկե, կարելի է թերություններ գտնել դրանում, բայց պարզ է, որ նա որոշակի ռազմավարություն ունի այդ հարցում։ Օրինակ, ահա ես գալիս եմ և խաղաղություն եմ հաստատում։ Պուտինը նման բան չի անում, քանի որ նրա խնդիրը, ընդհակառակը, պատերազմի գոտին և դաշտը ընդլայնելն է։ Եվ, իրականում, շատ հետաքրքիր է ստացվում, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, որոնք իրականում ավելի քան 35 տարի հակասության մեջ էին, այժմ հաշտվել են առանց Ռուսաստանի մասնակցության։

Բաքվի և Երևանի ներկայացուցիչները, ի վերջո, մեկնել են Միացյալ Նահանգներ վերջնական խաղաղության համաձայնագրերի հասնելու համար։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում։

Ռուսաստանը կորցրել է այդ հնարավորությունը, քանի որ կարողացավ վիճել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Հիշեցնեմ, որ ռազմավարական համագործակցության համաձայնագրերը Ադրբեջանի հետ ստորագրվել են 2022 թվականի փետրվարին։ Իսկ Հայաստանը ավանդաբար ռազմավարական առումով մոտ է եղել Մոսկվային։ Սակայն Մոսկվայի անորոշ և ագրեսիվ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ նա բախվեց և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ինչը դժվար էր պատկերացնել։ Հետևաբար, Հայաստանն ու Ադրբեջանը նոր հովանավոր գտան Միացյալ Նահանգներում։ Ակնհայտ է, որ սա ձեռնտու է Թրամփին, բացի այդ նրանք նաև Ռուսաստանի քիթը տրորեցին:

Ինչպե՞ս եք տեսնում Պուտինի արձագանքը այս առումով։

Մարիա Զախարովայի արձագանքը ցուցիչ է։ Մոսկվան շփոթված է և չգիտի, թե ինչպես արձագանքել։ Անհնար է նաև չափազանց սարկաստիկ լինել, քանի որ առջևում Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպում է։ Երկրորդ, առաջարկելու ոչինչ չկա։ Եվ երրորդ, սա ցույց է տալիս, որ Մոսկվան լարվում էր ու լարում, չնայած իրականում չէր փորձում հաշտեցնել նրանց, ընդհակառակը, նրա խնդիրն էր բաժանել և վերահսկել։ Եվ Թրամփը եկավ և կարողացավ հակառակն անել։ Իհարկե, սա մեծ հարված է Պուտինի համար, քանի որ նա նաև կորցնում է Հարավային Կովկասը։ Այն միշտ եղել է կայսրության հենասյուներից մեկը։ Կարծում եմ, Միացյալ Նահանգները այնտեղ շատ ներկա չեն լինի, բայց Թուրքիան անպայման այնտեղ կլինի։ Այստեղ նաև կա մեկ այլ խաղացող՝ Իրանը, որը Իսրայելի հետ պատերազմից հետո, ինչպես գրում են իրանական հրատարակությունները, շատ դժգոհ էր Մոսկվայի դիրքորոշումից։ Այսպիսով, կարճ ժամանակում Ռուսաստանը կարողացավ կորցնել իր բոլոր, եթե ոչ ռազմավարական գործընկերներին, ապա դաշնակիցներին, այն երկրներին, որոնց հետ հնարավոր էր կառուցել բավականին հարթ հարաբերություններ։

Ինչպե՞ս կարող է ամերիկյան ներկայությունը Հայաստանի տարածքում ազդել Հայաստանում ռուսական զորքերի ներկայության վրա։

Սա շատ հետաքրքիր հարց է։ Գիտեք, հռչակագիրը մեկ բան է, իսկ իրական քաղաքականությունը մեկ այլ։ Թրամփի համար կարևոր էր ցույց տալ, որ կարող է հաղթահարել դա, որ կարող է հաշտեցնել։ Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ Վաշինգտոնում իրականում չգիտեն, թե ինչպես կավարտվի դա։ Կան նաև ԱՄՆ ներկայության հակառակորդներ Հայաստանում, քանի որ դա սրում է իրավիճակը և ստեղծում լարվածության որոշակի բևեռ, որը Երևանին իրականում պետք չէ։ Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, վերջերս մեծացնում է իր ներկայությունը Շիրակում։ Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո այն այնտեղից դուրս բերեց իր ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան, և հիմա, ընդհակառակը, մեծացնում է այն։ Հետևաբար, իհարկե, Հայաստանը անհանգստացած է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular