ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բրեննիվին օղի

ՖՈՏՈ

Բրեննիվինը կամ ինչպես իրենք՝ իսլանդացիներն են անվանում «Սև մահ»–ը, Իսլանդիայի խոհարարական խորհրդանիշներից մեկն է: Եթե ունեք ամուր նյարդեր և ամուր ստամոքս, ապա այդ ալկոհոլային ըմպելիքն անպայման պետք է փորձել մեկ այլ իսլանդական ազգային ուտեստի՝ հակարլի՝ շնաձկան նեխած մսի հետ միասին։ Դաժան երկիրը պահանջում է դաժան գաստրոնոմիա:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում բրեննիվինը, եթե այն մատուցվում է նման ուտեստի հետ։ Ըստ էության, դա օղու՝ շնապսի տեսակ է, որը պատրաստվում է կարտոֆիլից։ Պարզ ասած դա կարտոֆիլից թորած օղի է թրմված քիմիոնի սերմերով, և, հետևաբար, դրա արտադրության գործընթացը բավականին պարզ է։ Խմորումը տեղի է ունենում ինքնաբերաբար, որպես կանոն, կարտոֆիլային խյուսը խմորվում է մի քանի ամիս։ Այնուհետև այն երկու անգամ թորում են և թրմում քիմիոնի սերմերով։ Ստացված արտադրանքը ունենում է 37-40% թնդություն:


Մի քիչ այդ խմիչքի ժողովրդական անվանման՝ «Սև մահ»–ի մասին: Բրեննիվին անվանումը այն ունեցել է չոր օրենքի տարիներին, որն ընդունվել է այնտեղ 1915 թվականին: Ու թեև ալկոհոլի վաճառքի սահմանափակումները մասամբ վերացվել են 1921 թվականին, բայց յուրաքանչյուր շշի պիտակի վրա շարունակել են գանգն ու ոսկորները մնալ՝ իսլանդացի խմողներին վախեցնելու համար: Եվ քանի որ բրեննիվինը ամենաթունդ ըմպելիքն էր, այն ստացել է «Սև մահ» անվանումը: Ի դեպ, Իսլանդիայում ալկոհոլի օգտագործման ամբողջական արգելքը վերացվել է միայն 1989 թվականին։

Մեր օրերում բրեննիվինը մատուցում են շատ սառը  վիճակում կամ սառույցի վրա։ Այն լավ համադրվում է իսլանդական ավանդական այնպիսի ուտեստների հետ, ինչպիսիք են աղ դրած կետաձուկը  կամ գառան միսը: Իսլանդացի բարմենները մեծ հաջողություններ չունեն կոկտեյլներում բրեննիվին օգտագործելու հարցում: Կան միայն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարելի է տանելի անվանել: 

Լավագույններից մեկը կոչվում է Նոհիտո. 1 բաժին բրեննիվին, 3 մաս կոճապղպեղ, 1,5 մաս մարտինի, 0,5 մաս ռոմ, մի քիչ անանուխի լիկյոր, մի կտոր լայմ կամ կիտրոն։ Կազմը սպառնացող է, բայց համը, ասում են, բավականին լավն է։ Լրիվ հուսահատների համար նախատեսված կոկտեյլը կոչվում է «Ապպենդիքս», այս դեպքում բրեննիվինը հավասար քանակով խառնում են էներգետիկ ըմպելիքի հետ: Էֆեկտը կանխատեսելի է։

Քանի որ բրեննիվինը ազգային խմիչք է, այն ունի իր ազգային օրը՝ դեկտեմբերի 23-ը՝ Սուրբ Թորլակի օրը: Վերջինս համարվում է Իսլանդիայի հովանավոր սուրբը։ Այդ օրը նաև Սուրբ Ծննդյան նախապատրաստության վերջին օրն է իսլանդացիների համար։ Ցավոք սրտի, Իսլանդիայից դուրս վաճառվող Brennivin-ին գտնելը չափազանց դժվար է: Այնպես որ, եթե պատահաբար հայտնվեք Ռեյկյավիկում, անպայման այցելեք Kaffi Reykjavik սառցե բար և պատվիրեք ձեզ համար մի բաժակ «Սև մահ»:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular