ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջրի ծորակ

ՖՈՏՈ

Ջրի ծորակը սարք է, որն օգտագործվում է ջրի ճնշումը կարգավորելու, ինչպես նաև տաք և սառը ջուրը խառնելու համար: Այդ մեխանիզմն ունի հետաքրքիր և երկար պատմություն, որը սկիզբ է առել Հին Հռոմի ժամանակներից: 

Առաջին ծորակները հայտնվել են Հին Հռոմի ժամանակներում՝ մոտ 2500 տարի առաջ: Դրանք օգտագործվել են ջրամատակարարման համակարգում, որի օգնությամբ մարդու կյանքի հիմնական հեղուկը լեռնային աղբյուրներից մատակարարվում էր հավերժական քաղաք: Հին Հռոմում ծորակները բրոնզից էին պատրաստված: Դրանք իրենցից ներկայացնում էին բրոնզե թիթեղներ, որոնք ուղղակի փակում էին ջրի ճանապարհը: Հարուստների տներում տեղադրվում էին արծաթե ծորակներ, որոնք զարդարված էին մարգարիտով և թանկարժեք քարերով ներդիրներով: Հին հռոմեացիների բնակարաններում օգտագործվող այդ ծորակները բավականին ոչ տնտեսող էին: Այդ պատճառով էլ այդ մետրոպոլիայում մեկ շնչի հաշվով ջրի սպառումը կազմում էր օրական մոտ 1000 լիտր  (մոտավորապես 3 անգամ ավելի, քան այսօր):

Միջնադարյան Եվրոպայում ծորակներն օգտագործվում էին միայն գինու և գարեջրի տակառների համար: Բարձրագույն ազնվականության և հասարակ ժողովրդի ներկայացուցիչները գրեթե երբեք չէին լվացվում: Այս իրավիճակում շրջադարձային պահը եղավ 1783 թվականին, երբ հայտնի անգլիացի գյուտարար Ջոզեֆ Բրաման ներկայացրեց պտուտակավոր ջրի ծորակը: Նոր արտադրանքն անմիջապես մտավ սերիական արտադրության և դարձավ եվրոպական տների ցանկալի «բնակիչը»: Սակայն երկու տեսակի ջուր՝ տաք և սառը, խառնելու խնդիրը մնաց չլուծված պտուտակավոր ծորակի գյուտից հետո ավելի քան ևս 100 տարի: Ժամանակակից ծորակ–խառնիչը, որի մեջ երկու տեսակի ջուրը միավորվում էր մեկ հոսքի մեջ, նույնպես նախագծվել է անգլիացու՝ լորդ Քելվինի կողմից: Միայն այդ հայտնագործությունից հետո մարդիկ կարողացան ստանալ ցանկալի անհրաժեշտ ջերմաստիճանի ջուր: Այդ ծորակ–խառնիչն ուներ երեք պտուտակավոր փական:

Անցյալ դարում հայազգի ամերիկացի գործարար Ալեքս Մանուկյանը հորինեց մեկ փականի ծորակ–խառնիչ և արտոնագիր ստացավ: Այդ սարքի արտադրությունը մեկնարկեց Delta Faucets ընկերության գործարաններում, որը մինչ օրս հայտնի է իր գերազանց սանտեխնիկական սարքավորումների արտադրությամբ: Նման մեխանիզմներն արագորեն տարածվեցին ամերիկացիների շրջանում և տեղափոխվեցին Հին Աշխարհ: Ռուսաստանում առաջին ծորակները պատրաստված էին փայտից: Դրանք կոչվում էին «պովերտկի»: Սակայն նման սարքերը շատ տարածված չէին: Նույնիսկ կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կենտրոնացված ջրամատակարարում է մտցվել միայն 1863 թվականին: 
Ինչպես երևում է վերը նշվածից, ծորակների պատմությունը շատ երկար է եղել:

Մարդկությունն անմիջապես չի գնահատել տան ցանկացած մասում ջուր ստանալու, այն խիստ անհրաժեշտ քանակությամբ օգտագործելու և սառը ու տաք հեղուկներ խառնելու հնարավորությունը:

Ներկայումս կան տարբեր տեսակի ծորակներ, որոնք ունեն տարբեր առավելություններ և թերություններ։ Ծորակները, որոնք առաջ կառավարվում էին միայն ձեռքով հիմա կարող են կառավարվել մեխանիկական շարժիչով՝ էլեկտրական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Հոսքի ուղղության առումով ծորակները կարող են լինել ուղիղ, այսինքն հոսքի ուղղությունը չի փոխվում, անկյունային, այսինքն հոսքի ուղղությունը փոխվում է 90°-ով, և եռակողմ, այսինքն՝ ունեն մեկ ելքային և երկու մուտքային խողովակներ, ինչը թույլ է տալիս խառնել տարբեր պարամետրերով ջրային հոսքերը։ Ծորակների կառուցվածքի հիմնական տարբերությունները փականի ձևի մեջ է, որը կարող է լինել գնդաձև, կոնաձև կամ գլանաձև։ Ներկայումս ծորակների ժամանակակից և առաջադեմ ներկայացուցիչը գնդիկավոր ծորակն է: Ավանդականը, և, հետևաբար, դեռևս հաճախ օգտագործվողը՝ չնայած կառուցվածքի էական թերություններին, կոնաձև ծորակն է։ Իսկ գլանաձև փականով ծորակները չափազանց սահմանափակ կիրառություն ունեն:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular