ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ցիլինդր գլխարկ

ՖՈՏՈ

Ցիլինդրը համանուն երկրաչափական պատկերի տեսքով գլխարկ է՝ փոքր, երբեմն շրջված, կոշտ եզրով։ Այն հատկապես մեծ տարածում է գտել 19-րդ դարում, որը նաև կոչվում է «ցիլինդրների դար»։

Ժամանակակից ցիլինդր հիշեցնող առաջին գլխարկը հայտնվել է 15-րդ դարում։ Դա կլոր գլխարկ էր, որը հատկապես հայտնի էր Իսպանիայում։ 18-րդ դարի վերջին կլոր գլխարկները սկսեցին կրել անգլիացի պուրիտանները, իսկ հետո միապետության տապալումից հետո իշխանության եկած Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամները։ Դրա հետ կապված Ռուսաստանում Պավել 1–ին ցարն արգելեց նման գլխարկներ կրել ի նշան «հեղափոխական նորաձևության» դեմ բողոքի։

Ժամանակակից ցիլինդր գլխարկը ստեղծվել է լոնդոնցի գլխարկագործ Ջոն Հեթերինգթոնի կողմից 1797 թվականին։ Իր գյուտը գլխին զբոսնելով նա ցնցել էր անցորդներին, ինչի համար էլ տուգանվել էր 500 ֆունտ ստեռլինգով։ Այնուամենայնիվ, այդ զբոսանքը նշանավորել է նոր նորաձևության սկիզբը։

Ցիլինդրը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել 1820-ական թվականներին, հիմնականում եվրոպական և ամերիկյան երկրներում: Սկզբում այն ​​բացառապես հարուստ տղամարդկանց զգեստապահարանի մի մասն էր, քանի որ պատրաստվում էր ձեռքով և թանկարժեք նյութերից։

Տասնամյակների ընթացքում ցիլինդրը որոշակի փոփոխություններ է կրել, հայտնվել են նրա տարատեսակները։ 1823 թվականին ֆրանսիացի գլխարկագործ Ժիբյուն հայտնագործել է Շապոկլյակ ցիլինդրը, որը կարելի է ծալել դրա մեջ կարված զսպանակի շնորհիվ: Այդ մեխանիզմն անհրաժեշտ էր, քանի որ անհարմար էր ցիլինդր կրել սենյակում, իսկ մուտքի մոտ գլխարկ թողնելը չէր խրախուսվում: Գլխարկը ծալվում էր և հեշտ պահվում ձեռքին։ Ռուսաստանում շապոկլյակը կոչվել է իր ստեղծողի անունով՝ «Ժիբյուի ցիլինդր»:

Բոլիվարը ցիլինդրի տեսակ է, որն ունի ավելի լայն եզր և վերին հատված: Այն հանրաճանաչություն է ձեռք բերել XIX դարի 20-ականների սկզբին և ստացել Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար մղվող պատերազմների ամենաազդեցիկ առաջնորդ Սիմոն Բոլիվարի անունը։ Ինքը՝ Բոլիվարը, կրում էր այլ տեսակի գլխարկներ, սակայն նրա երկրպագուներն ու հետևորդները կրում էին բոլիվար ցիլինդրներ։

19-րդ դարի երկրորդ կեսից ցիլինդրը հասանելի է դարձել բնակչության բոլոր խավերին, քանի որ ի հայտ են եկել պլյուշից, ֆետրից և նույնիսկ յուղաներկած թղթից պատրաստված ավելի էժան մոդելներ։ Կանայք ևս սկսել են ցիլինդրներ կրել, ամենից հաճախ ձիավարության ժամանակ: Ամերիկայի նախագահ Լինքոլնն էր բարձր ցիլինդրների մեծ երկրպագու: Նա կրում էր դրանք՝ ներսում թաքցնելով արժեքավոր թղթեր։

20-րդ դարի սկիզբին անհարմար բարձր ցիլինդրները սկսել են փոխարինվել ավելի գործնական կոտելոկ գլխարկներով: Ցիլինդրներ սկսել են ավելի ու ավելի հազվադեպ կրել, հիմնականում պաշտոնական արարողությունների համար։ Այնուամենայնիվ, մինչև 1930-ականների վերջը, դրանք դուրս չեն եկել արևմտաեվրոպական քաղաքական գործիչների և բուրժուազիայի ներկայացուցիչների զգեստապահարանից։ ԽՍՀՄ–ում բուրժուազիայի կերպարը երգիծական ներկայացնելու պարտադիր պայմանն էր ցիլինդրը:

Մեր օրերում ցիլինդրներ շատ հազվադեպ են կրում և միայն հատուկ առիթներով։ Այն օրինակ պարտադիր է Անգլիայում մրցավազքերի այցելուների համար: Այդ տեսակի գլխարկներն օգտագործում են աճպարարներն ու նկարիչները, ստիմպանկ ոճի սիրահարները, նորապսակները, ինչպես նաև ցիլինդրներ են կրում պաշտոնական միջոցառումների և երեկույթների ժամանակ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular