ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթը Ադրբեջանինն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստան–Ադրբեջան սիրախաղը որոշ չափով կանգ էր առել: Հայ զինվորի ու հայկական բանակի շրխկացնող ապտակը բացահայտեց ռուս–ադրբեջանական համագործակցության պերճանքը և հայ–ռուսական հարաբերությունների թշվառությունը: Իսկ այդ ամենը ձևավորվել էր ոչ մեկ տարում:

Ապրիլից հետո Հայաստանը կարողացավ ԼՂ բանակցություններում փոքր–ինչ դիրքավորվել: Իսկ ռուս–ադրբեջանական սիրախաղը կարծես թե «սառեց»: Ու այդ ընթացքում Ադրբեջանը կարողացավ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ և էլ ավելի թուլացնել կապերը, իմա` կախվածությունը ՌԴ–ից: Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու փորձերին ի պատասխան Բաքուն մշտապես առաջ էր քաշում մեկ հարց` ԼՂ հիմնախնդիրը: Գնում էր շատ կոնկրետ քաղաքական առևտուր` ես մտնում եմ ԵՏՄ, դու ինձ տալիս ես Ղարաբաղը:

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սառույցը», կարծես թե, սկսեց աստիճանաբար հալչել: Փետրվարին Բաքվում հանդիպեցին ԱՄՆ–ի և ՌԴ Զինված ուժերի ղեկավարները: Այն, որ լարված հարաբերություններ ունեցող երկիրների գլխավոր շտաբերի պետերը հանդիպում են Բաքվում, խոսում է Ադրբեջանի նկատմամբ կողմերի վստահության մասին: Ապրիլի վերջին ՌԴ–ն ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ առաքեց Բաքու: Ճիշտ է, զենքի մատակարարման պայմանագիրը կնքվել էր շատ ավելի վաղ, բայց առաքման ժամկետները դժվար թե պատահական ընտրված լինեին: Ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Նալբանդյան–Լավրով–Մամեդյարով եռակողմ հանդիպում ու դա այն դեպքում, երբ Հայաստանը բավականին երկար ընդդիմանում էր, բայց, ի վերջո, տեղի տվեց թերևս ռուսական «հորդորներից» հետո միայն: Իսկ թե Ադրբեջանը որքան շահագրգռված էր այդ հանդիպմամբ, ավելորդ է ասել:

Ու հիմա, կարկանդակները բաժանելուց հետո, Ռուսաստանը գործի է դնում մտրակը: Երկու օր առաջ Բաքու էր մեկնել ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը, ով Բաքվում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր քաղաքական առևտրի նոր գինը: «Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել Ադրբեջանին հինգ բռնագրավված շրջանները վերադարձնելու մասին, ապա դա շատ կարևոր պահ կլինի ռուս–ադրբեջանական համագործակցության համար: Ընդ որում, բուն Ղարաբաղի և մյուս երկու շրջանների հետ կապված վիճակը մի փոքր ավելի բարդ է և կարող է ավելի շատ ժամանակ պահանջել»:
Սակայն որպեսզի նշված սցենարն իրականանա, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ցանկանա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հենց այն գլխավոր փաստարկն է, որ այդ տարածքային ամբողջականությունը գոյություն ունի: Թող որ դե–յուրե: Թող որ ոչ դե–ֆակտո: Եթե Ռուսաստանն ասում է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հենց դա է առանցքայինը»: Հաջորդ խոսքը շատ ավելի լկտի է հնչում, բայց և բացահայտում է առևտրի գինը: «Այսպիսի բանաձև եմ ձևակերպել: Հետխորհրդային պետության տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից: Եթե հարաբերությունները լավ են, ապա տարածքային ամբողջականությունը կա: Եթե հարաբերությունները վատ են, ապա այն թուլանում և հասնում է այնպիսի կրիտիկական կետի, որ կարող է հեշտությամբ կորսվել»,– ասել է Դուգինը:

Դուգինի այս հայտարարությունը կարելի էր համարել ադրբեջանահաճո խոսք և անցնել առաջ, եթե չլիներ մի քանի հանգամանք:

Դեռ 2008 թ. Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում» ամրագրվել է հետևյալը.

«Կողմերը, նշելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման կարևորությունը, վերահաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին»: Այսինքն, ԼՂ անջատումը Ադրբեջանից Ռուսաստանը համարում է «ուժով» արված, ինչը «անթույլատրելի է»: Ավելին, հռչակագրի տեքստը շարունակում է. «Կողմերն ընդգծում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների հիման վրա և, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հարցի կարգավորումը դիտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի իրացման շրջանակներում, իսկ ազգերի ինքնորոշման մասին, ինչի վրա շեշտը դնում է հայկական կողմը, բառ անգամ չկա:

Հռչակագրի ստորագրումից մեկ–երկու ամիս հետո նույն այդ Դուգինը հայտարարել էր. «Միջազգային քաղաքականության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «երկակի ստանդարտը», և եթե այդ «ինչ–որ բանը (նկատի ունի ԼՂ հարցի որևէ լուծումը` ԼՂ ճանաչումը կամ վերադարձը Ադրբեջանի կազմ.– խմբ.) կհամապատասխանի իրենց շահերին և արժեքներին, ապա կընդունվի այս կամ այն որոշումը»: Ասել է թե, Մոսկվան կարող է հարգել կամ չհարգել հռչակագրում ամրագրած սկզբունքներն ու պարտավորությունները` «այս իմաստով շատ բան է կախված Ադրբեջանից»,– շեշտել էր նա:
Այս անգամ ևս Դուգինը Ադրբեջանին ընտրության հնարավորություն է տալիս` լինել իր հետ և ստանալ օգուտ կամ չլինել իր հետ և կորցնել: Ընդ որում, հընթացս բացահայտել է նաև Ադրբեջանին սպասվող տնտեսական օգուտները: Ընդգծել է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան տրանսպորտային միջանցքի կարևորությունը: «Եթե Ադրբեջանը համագործակցի Ռուսաստանի հետ, կարող է լուծել տնտեսական, քաղաքական, տրանսպորտային ու աշխարհաքաղաքական շատ հարցեր»:
Հիմա պատասխան խոսքի հերթը Ադրբեջանինն է:

Իսկ այս ամենի մասին ի՞նչ է մտածում Հայաստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular